Հասարակական

Երեք մարզի դպրոցներում ստեղծվել են նոր «Արմաթ» ինժեներական լաբորիատորիաներ

5 րոպեի ընթերցում

Երեք մարզի դպրոցներում ստեղծվել են նոր «Արմաթ» ինժեներական լաբորիատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի դպրոցների շուրջ կեսը համալրվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով: Հայաստանի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում կառավարության ֆինանսավորմամբ տեղադրվել է 284 նոր լաբորատորիա, որտեղ անվճար ուսուցմանը կարող են մասնակցել 10-18 տարեկանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի մենք ունեցել ենք աննախադեպ թվով լաբորատորիաների ներդրման ծրագիրը, որը զգալիորեն մեծացրել է ներգրավված դպրոցների թիվը: Այս պահին մոտ 45 տոկոս դպրոցներում ունենք նման լաբորատորիաներ, աշխատանքները դեռ շարունակվում են: Այս քաղաքականությունը կառավարության ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ է: Եվ մեր առաջնահերթություններից է ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունեցող պետություն, տեխնոլոգիապես զարգացած պետություն, իսկ այդ նպատակներին հասնելու համար կրթությունը՝ ինժեներական գիտելիքը կարևոր տեղ ունի»,-ասաց նախարարը։

«Արմաթ» ինժեներական ալբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութունների միությունը: 2019-ին կառավարությունը հատկացրել է ևս 834 մլն դրամի լրացուցիչ ծրագիր, որի արդյունքում ներդրվել է 284 նոր լաբորատորիա: Եվ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն այս պահին Հայաստանի, Արցախի և Վրաստանի (հայկական) դպրոցներում հասել է 575-ի: Հաջորդ տարվա համար պետությունը կրկնապատկել է լաբորատորիաների ստեղծման համար նախատեսված բյուջեն՝ հատկացնելով 671 մլն դրամ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ լաբորոտորիաների ներդրումը իրենց ռազմավարության միայն հիմքն է: «Մեր տեսլականով Երևանը թեթևացնում ենք բարձր տեխնոլոգիաներից և սփռում շրջաններում: Ամենալավը կլինի, եթե սովորական խոշոր գյուղում գոնե մի երեք ընկերություն ունենանք, քանի որ այդքան մասնագետ պատրաստում ենք: Երիտասարդները պետք է մնան իրենց գյուղերում ու արարեն»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ եթե պատանին 2-3 տարի եղել է լաբորատորիայում, ապա գիտի առնվազն եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն և առնվազն մեկ բարձր կարգի ծրագիր: «Այսինքն՝ նա պատրաստ է ևս մեկ քայլ՝1-6 ամսվա վարժանքներ անել և դառնալ երիտասարդ մասնագետ՝ ծրագրավորման, էլեկտրոնիկայի, եռաչափ մոդելավորման կամ այլ ոլորտում: Եվ դրանից հետո նա 14 տարեկանից հետո կարող է աշխատել՝ ծնողների համաձայնությամբ»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ օրինակ Վանաձորում լաբորատորիայի սաներից մի քանիսն արդեն օրական 4 ժամ աշխատում են՝ ստանալով ամսական 100 հազար դրամ:

Տավուշում այս տարի տեղադրվել է 44 նոր լաբորատորիա, դրանց ընդհանուր թիվը մարզում 83 է:

«Սա մի մեծ հաջողության շատ կարևոր հանգրվան է: Եթե մենք իսկապես ուզում ենք տեխնոլոգիական երկիր լինել, ապա ցանկացած երեխա ամենահեռավոր գյուղում տեխնոլոգիական գետելիքներ ստանալու, տեխնոլոգիաներին սիրահարվելու հնարավորություն պետք է ունենա: Առանց ճանաչելու նա չի կարող սիրահարվել, դրա համար այս լաբորատորիաները շատ կարևոր են մեզ համար»,-ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու կարևորեց զուգահեռ ենթակառուցվածքների ստեղծումը, որոնց սովորողները զուգահեռ աշխատանքի հնարավորություն կունենան:

Լոռիում ստեղծվել է 118 նոր լաբորատորիա, մարզում լաբորատորիաների ընդհանուր թիվը 140 է:

«Այն դպրոցներում, որտեղ կան այս լաբորատորիաները, մթնոլորտը լրիվ այլ է: Այն ամբողջ դպրոցի մթնոլորտն ու մտածողությունը փոխող լաբորատորիա է»,-ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու հավելեց՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հաջորդ փուլերում կարող է ծառայել լաբորիատորիայում սովորածների աշխատանքի վայր:

Շիրակի մարզում այս տարի տեղադրվել է 117 նոր լաբորատորիա, լաբորատորիաների ընդհանուր թիվը մարզում 140 է:

«Սա առաջին քայլն է, որ ունենանք ավելի որակյալ և ժամանակակից աշխատուժ՝ ոչ միայն Երևանում, այլ մարզերում»,-ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում