Հասարակական

Ռուստամ Բադասյանը կարևորեց դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերի իրականացումը

4 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը կարևորեց դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թվականի կարևորագույն քայլերից էին Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ իրականացված ծրագրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա անդրադարձավ հանրության դատին հանձնված և արդեն կառավարության որոշմամբ հաստատված՝ 2019-2023 թթ. դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարություններին և դրանից բխող գործողությունների ծրագրերին:

«Հեղափոխությունից հետո հանրության պահանջված օրակարգը՝ իրականացնել հավակնոտ բարեփոխումներ դատաիրավական ոլորտում, պետք է սկսվեր նմանատիպ ռազմավարությունների ու գործողությունների ծրագրի մշակումից, որը մենք կատարեցինք բավական կարճ ժամանակահատվածում: Ընդամենը 2-3 ամսում նախագծերը պատրաստ էին և քննարկվում էին տարբեր մակարդակներում: Այս ռազմավարությունները հստակ են ու չափելի, միաժամանակ նաև հավակնոտ և իրագործելի»,- նշեց Բադասյանը:

Նա ընդգծեց, որ բանակցություններ են սկսվել միջազգային գործընկերների հետ այս ոլորտում ֆինանսական ու փորձագիտական աջակցության շուրջ:

«Հիմա չեմ կարող բանակցությունների կեսից որևէ թիվ հրապարակել, թե որքան է լինելու ֆինանսական աջակցության չափը, սակայն այն բացառիկ է լինելու: Հավանաբար 2020 թվականի կեսերին կունենանք բանակցությունների վերջնական արդյունքը, կիմանանք նաև ֆինանսական ցուցանիշները, թե որքան է տրամադրվելու Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: Սա ամենակարևոր քայլն էր, որ կուզեի արձանագրել 2019 թվականի արդյունքում»,- ասաց նախարարը:

Բադասյանը հակիրճ թվարկեց ռազմավարություններով նախատեսված հիմնական թեմաները. դրանք են՝ անկախ դատական համակարգի ստեղծումը բարեվարքության մեխանիզմների շարունակական կատարելագործման միջոցով, դատավորների գույքի հայտարարագրման մեխանիզմների կատարելագործումը և գույքային խախտման հիմքով կարգապահական վարույթների հարուցումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, անկախ կոռուպցիոն գործերով քննություն իրականացնող հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման աշխատանքները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծ և այլն:

«Ամենամեծ խնդիրը, որը 2020 թվականին պետք է դնենք մեր առջև, դատարանների ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքներ են: Ես կուզեի մի քանի ծրագիր ներկայացնել, որոնցից մեկն արդեն հանրային քննարկման է դրված: Մասնավորապես, մենք նախատեսել ենք ՃՈ ակտերով, որոնք արձանագրված են տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով, որտեղ վարույթը պարզ է ու հստակ, առաջ շարժվել պարզեցված վարույթով»,- ասաց նախարարը՝ պարզաբանելով, որ դա ենթադրում է, որ դատավորներն ամեն անգամ նիստ չեն հրավիրելու, այլ գործերն իրականացվելու են պարզ, հստակ ընթացակարգերով: «Սրա շնորհիվ կարելի է խնայել ժամանակը և ուշադրություն դարձնել ավելի լուրջ քննություն պահանջող գործերին»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում