Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն ավելացնում է ազատ առևտրի համաձայնագրերը.հայկական արտադրանքը մրցունակ է դառնում շատ երկրներում

ԵԱՏՄ-ն ավելացնում է ազատ առևտրի համաձայնագրերը.հայկական արտադրանքը 
մրցունակ է դառնում շատ երկրներում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն ընդլայնում է երրորդ երկրների հետ իր ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրությունը, հաջորդ տարի սպասվում են նոր համաձայնագրեր: Համաձայնագրեր ունեցող երկրների շուկաներում հայկական արտադրության ապրանքը գնային առավելություն կունենա մեկ այլ երկրում արտադրված համանման արտադրանքի նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերից խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«2019-ը՝ միությունում Հայաստանի նախագահության տարին բավականաչափ ակտիվ է եղել: Հայաստանի նախագահության տարում ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի և ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրի համաձայնագրերը: Այս տարվա ընթացքում ուժի մեջ է մտել նաև երկու նոր համաձայնագիր՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը և Չինաստանի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն 4 նոր համաձայնագիր ունի: Սիմոնյանը նկատեց՝ դա միանշանակ ենթադրում է նոր շուկաներ: Ներկայում բանակցային գործընթացներ իրականացվում են Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ»,-ասաց Սիմոնյանն ու նշեց՝ Հնդկաստանը տարածաշրջանում մեծ, խոշոր դիրք գրավող շուկա է:

Նա նաև շեշտեց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միայն անդամ երկրների կարծիքները հաշվի առնելուց հետո է որոշում որևէ երկրի հետ կնքել ազատ առևտրի համաձայնագիր, թե ոչ: Բոլոր որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսով՝ նկատի ունենալով անդամ երկրներից յուրաքանչյուրի շահերը: Փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանն իր մասով ներկայացնում է, թե որ զգայուն ապրանքների մաքսատուրքերը պետք է անմիջապես զրոյացվեն, որոնք՝ որոշ ժամանակ հետո:

«ԵԱՏՄ-ն 3-րդ երկրների հետ գնում է նոր համաձայնագրերի կնքման՝ նոր շուկաների, արտոնյալ պայմանների, մատչելի շուկաների հասանելիություն ապահովելու նպատակով: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է, և երրորդ երկրները նույնպես ցանկություն ունեն մտնել այդ շուկա: ԵԱՏՄ-ն շարունակում է իր աշխատանքը՝ երրորդ երկրների հետ կապն ավելի խորացնելու և զարգացնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ ապահովելու շուկայի մատչելիությունը»,-նշեց Սիմոնյանն ու նկատեց՝ Ազատ առևտրի համաձայնագիրը ենթադրում է մաքսատուրքերի իջեցում՝ մինչև 0 տոկոս: Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու պահից որոշակի ապրանքների մաքսատուրքեր իջեցվում են, հետո սահմանվում է մյուսների համար որոշակի հերթականություն: Փոխնախարարը նշեց՝ մաքսատուրքի իջեցումն արտոնյալ մրցակցային պայմաններ է ձևավորում այն երկրների նկատմամբ, որոնք կոնկրետ երկրի հետ չունեն ազատ առևտրի համաձայնագիր: «Ենթադրենք Հայաստանը արտադրում է երրորդ երկրում պահանջված արտադրատեսակ, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առևտրի համաձայնագիր, և ներմուծումը դեպի այդ երկիր կատարվում է զրոյական մաքսատուրքով: Հետևաբար, Հայաստանում արտադրված ապրանքը մաքսատուրքի չափով շուկայում գնային առավելություն կունենա մեկ այլ երկրում արտադրված համանման արտադրանքի նկատմամբ, որը տվյալ երրորդ երկրի հետ չունի ազատ առևտրի համաձայնագիր: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ընձեռում տեղական արտադրողին ունենալ մրցակցային առավելություն՝ մեկ այլ երկրի համանման արտադրանք արտադրողի նկատմամբ»,-ասաց Սիմոնյանը:

Ազատ առևտրի համաձայնագիրը, սակայն, չի սահմանափակվում միայն մաքսատուրքերի իջեցմամբ: Համաձայնագիրը նպաստում է նաև առևտրի որոշ տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Փոխնախարարը նշեց՝ հաջորդ տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն երրորդ երկրների հետ կարող է կնքել նոր համաձայնագրեր: Օրինակ, Չիլիի հետ ստորագրված է փոխըմբռնման հուշագիր, որը համագործակցության առաջին փուլն է, երկրորդ փուլով լինելու է ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս պահի դրությամբ Չիլին աշխատում է ԵԱՏՄ բոլոր երկրների հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ սկսելու համար: Սակայն, եթե ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չհամաձայնի, ապա երրորդ երկրի հետ այդ համաձայնագիրը չի կնքվի:

Հաշվի առնելով վերը նշվածը Եվրասիական տնտեսական միությունը մեր կողմից դիտարկվում է որպես ինտեգրացիոն այպիսի գործիք, որի միջոցով Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռնվում դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները՝ օգտվելով ազատ առևտրի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված արտոնյալ պայմաններից:

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին՝ փոխնախարարը նշեց, որ վերջինս ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ից: Իրանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մի խումբ ապրանքատեսակների մաքսատուրքեր իջեցվեցին՝ բայց ոչ զրոյական: Նա թվային առումով որոշակի դատողություններ անելու համար դեռ վաղ համարեց: «Սակայն պետք է արձանագրել, որ ներմուծված ապրանքները միայն Հայաստանի համար չեն, դա ներմուծում է դեպի ԵԱՏՄ շուկա: Հատող սահմանը ՀՀ-ի սահմանն է, կարող են մի շարք ապրանքներ ներմուծվել, սակայն դա չի նշանակում, որ դրանք բոլորը Հայաստանի տնտեսության կամ հայկական շուկայում սպառման համար են նախատեսված: Եվ այս առումով Հայաստանը կարելի է դիտարկել որպես հարթակ՝  Իրան- ԵԱՏՄ և Իրան - այլ երկրներ տնտեսական համագործակցության ընդլայնման տեսանկյունից»,-եզրափակեց փոխնախարարը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]