Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 
բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը երրորդ անգամ արգելափակեց սենատորներ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի և հանրապետական Թեդ Քրուզի կողմից ներկայացված՝  Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվերակությունը Սենատում: Մեկնաբանելով իր այդ քայլը՝ Քրամերը նշել է, որ նա կողմ է բանաձևի ոգուն, նրանք կարող են այն  անցկացնել, սակայն այժմ դրա ժամանակը չէ: Սենատորը նաև հայտարարել է, որ իրեն Սպիտակ տունն է խնդրել արգելափակել բանաձևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բանաձևն արգելափակվել էր հանրապետական սենատորներ Դևիդ Փերդյուի և Լինսի Գրահամի կողմից: Հետաքրքրական է, որ երկու սենատորները ևս սկզբունքորեն դեմ չեն արտահայտվել բանաձևի ընդունմանը, սակայն կրկին նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: Մասնավորապես, Դևիդ Փերդյուն հայտարարել է, որ ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը: Լինսի Գրահամն էլ ընդգծել է, որ միակ պատճառը, որ նա գնացել է այդ քայլին, եղել է տվյալ պահին Էրդողանի ներկայությունը Վաշինգտոնում, և նա ցակացել է փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նա ևս խոստովանել է, որ նրան Սպիտակ տնից են խնդրել գնալ այդ քայլին:

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի շուրջ ստեղծված ներկա իրավիճակում կարող ենք առանձնացնել մի քանի հիմնական դիտարկում:

Առաջին, միանշանակ է այն պնդումը, որ բանաձևի արգելափակումը ամենևին պայմանավորված չէ առանձին սենատորի (լինի դա Լինսի Գրահամը, Դևիդ Փերդյուն, Քևին Քրամերը) գործոնով: Այստեղ մենք գործ ունենք թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների ավելի լայն շրջանակի հետ, որտեղ ինչպես Ցեղասպանության վերաբերյալ այս բանաձևը, այնպես էլ Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ բանաձևը, կարևոր գործիք են հանդիսանում ամերիկյան կողմի համար՝ Թուրքիայի վրա ազդելու տեսանկյունից: Ավելին, միամտություն կլինի կարծել, որ ԱՄՆ-ն այս փուլում կհրաժարվի այդ գործիքներից որևէ մեկից:

Երկրորդ, ներկայումս մենք գործ ունենք գործընթացի առկախման հետ, և հաշվի առնելով թուրք-ամերիկյան խնդրահարույց հարաբերությունները, չպետք է բացառել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության մեծացման դեպքում բանաձևը կընդունվի, առավել ևս՝ երբ նույն սենատորներն իրենք են փաստում, որ սկզբունքորեն դեմ չեն բանաձևին, սակայն գտնում են, որ ներկայումս դրա համար ճիշտ ժամանակը չէ: Ուստի, ինչպես դա եղավ Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության վերաբերյալ մեկ այլ բանաձևի ընդունման պարագայում, Սենատի կողմից այս բանաձևի ընդունումը ևս պետք է լինի հստակ հաշվարկի արդյունք՝ նպաստավոր պահի ընտրությամբ:

Երրորդ, կարևոր է փաստել, որ եթե անգամ բանաձևը Սենատում դրվի քննարկման և քվեարկության, այդ պարագայում ևս սենատորներից յուրաքանչյուրն իրավունք ունի օրինագծի վերաբերյալ խոսել այնքան երկար, որքան կկամենա՝ փորձելով երկարաձգել և ի վերջո տապալել ներկայացված օրինագծի առաջարկը: Այս գործընթացն հայտնի է «ֆիլբասթեր» անվանմամբ: Ֆիլբասթերին հնարավոր է վերջ դնել, եթե 100 սենատորներից 60 քվեարկեն քննարկումն ավարտելու օգտին:  Նշենք, որ մինչ օրս Սենատում Ցեղասպանության բանաձևին աջակցել էին 28 սենատոր: Ուստի, ինչպես պարզ է դառնում Սենատում գործող ընթացակարգերի մանրամասներից, անգամ  եթե բանաձևը դրվի քննարկման կամ  քվեարկության, ապա այս փուլում դրա ընդունումը Սենատի կողմից քիչ հավանական է, քանի որ անհրաժեշտ է առնվազն 60 սենատորի կողմ ձայն: 

Չորորորդ, ընդունվելու պարագայում բանաձևն արտահայտելու է Սենատի դիրքորոշումն այս հարցում, ինչը բավական կարևոր է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Ուղղակի նշենք, որ համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ ԱՄՆ նախագահն է հանդիսանում երկրի արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն: Նախկինում ԱՄՆ նախագահի մակարդակով ամերիկյան կողմը արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում: Մասնավորապես, 1981թ. ապրիլի 22-ին ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարել էր.  «Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն»: Բացի այդ, ամեն տարի ԱՄՆ նախագահները հանդես են գալիս Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հայտարարաթյամբ՝ թեկուզև օգտագործելով «Մեծ եղեռն» եզրույթը:

 

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]