Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածություն»-ն առաջին տեղում է. հայ գրականություն. նոյեմբեր, 2019

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածություն»-ն առաջին տեղում է. հայ գրականություն. 
նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» երկրորդ հորիզոնականում է... Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Երրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Չորրորդ հորիզոնականում Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» վեպն է: Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մեղավո՞ր է արդյոք այդ գիրք-հայելին, որ իր՝ անխաթար ներկայացրած աշխարհը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության և միայն սոսկում է պատճառում: Երազն ու իրականությունն իրար են խառնվել այդտեղ: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ և միայն ցնորքներով կարող է ապրել:

Հինգերորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Յոթերորդ տեղում է արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն «Անին»» վիպակը:  Դեղատուն «Անին» Պետրոսյանի հայտնի ստեղծագործություններից է: Թեման դարձյալ երիտասարդությունն է, որտեղ առաջնային է ապագայի նկատմամբ վերաբերմունքը:

Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռանում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով... Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...

Իններորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը: Համատարած կարոտ և թախիծ: Հենց այսպես կարելի է բնորոշել Դավիթ Սամվելյանի նոր գիրքը: Գրքի էջերը ողողված են մի անբացատրելի կարոտով, դա կարոտ է դեպի մարդը և թախիծ, որը լուսավոր է ու տանում է քեզ իր ետևից: Այդ նույն տխրության ու լուսավոր թախծի մեջ էլ ապրում են նրա հերոսները, որոնք կարծես կյանքի լուսանցքում հայտնված պատմություններ լինեն, բայց հենց նրանք են, որ ամբողջացնում են մեր քաղաքի նկարագիրը, ամբողջացնում են մեր կյանքը առհասարակ: Այդ հերոսները ճակատագրեր են, որոնք չեն հաշտվում, ըմբոստանում են, պայքարում ռոբոտ դարձած այս աշխարհի և նրա կանոնների դեմ: Նրանք հաղթում են, հաղթում, բայց իրենց ձևով…

Տասներորդ հորիզոնականում է  Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 197
2 0

Վարդգես Պետրոսյան

«Վերջին ուսուցիչը»

Դարակ 120
3 0

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 55
4 0

Արամ Ավետիս

«Ճարտարապետական մուտացիա»

հեղ.հրատ 50
5 0

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 37
6 *

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 36
7 նոր

Վարդգես Պետրոսյան

«Դեղատուն «Անին»

Դարակ 30
8 *

Դավիթ Սամվելյան

«Արտագաղթած կարոտ»

Էդիթ Պրինտ 29
9 նոր

Դավիթ Սամվելյան

«հակաՔԱՂԱՔական»

Էդիթ Պրինտ 27
10 -3

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

հեղ.հրատ 24

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]