Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի ծրագիրն իրականություն է դառնում

Հայաստանում 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի ծրագիրն իրականություն է 
դառնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (այսուհետ` ԱՆԻՖ) Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ»-ից, Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր Աբու Դաբիում կայացած մասնավոր արարողության ժամանակ ստորագրել են համատեղ զարգացման համաձայնագիր (ՀԶՀ)։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեին և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքը։

 Այսօրվա արարողությունը հաջորդում է հուլիս ամսին Մասդարի և ԱՆԻՖ-ի միջև` վերականգնվող, ներառյալ` ֆիքսված և լողացող արևային ֆոտովոլտային կայանների և քամու էներգիայի զարգացման, կառուցման, շահագործման և պահպանման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: 

Համատեղ զարգացման համաձայնագրի ներքո նախանշված առաջին նախագիծը 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում, որը կօգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար ամենաժամանակակից երկբևեռ տեխնոլոգիան` էլեկտրաէներգիա արտադրելու արևի ինչպես ուղիղ, այնպես էլ արտացոլված լույսի շնորհիվ։ 

Հայաստանը մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը վերականգնվող աղբյուրներից ստանալու հանձնառություն ունի, և ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա: Այսօր երկիրն ունի էներգիայի շուրջ 2,800 ՄՎտ դրվածքային հզորություն, որը հավասարաչափ բաշխված է միջուկային, հիդրո և ներմուծվող բնական գազից ստացվող ջերմային էներգիայի արտադրության միջև: 

Հայաստանը յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստանում է մոտ 1,720 կՎտ ժամ արևային էներգիա՝ համեմատած Եվրոպայում մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 1000 կՎտ ժամի: Հայաստանի 200-ից ավել գետերից և լճերից շատերը նույնպես հարմար են լողացող արևային էներգիայի նախագծերի համար: 

«Մեծ պատիվ է այսօր ստորագրել այս պայմանագիրը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մեր գործընկերների հետ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում մեր ղեկավարության ներկայությամբ` վերահաստատելու մեր նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը», - ասաց Մասդարի գործադիր տնօրեն պարոն Մուհամեդ Ալ Ռամահին: 

«Հայաստանն արագ զարգացող տնտեսություն է, որն ունի բաց և բարենպաստ միջավայր՝ երկիր եկող ներդրումների համար», - ավելացրեց Ալ Ռամահին: «Սա կարևոր պատճառ է, թե ինչու մենք կարողացանք այդքան արագ առաջ շարժվել ԱՆԻՖ-ի հետ մեր համատեղ ծրագրում»: 

«Որպես վերականգնվող էներգիայի գլոբալ առաջնորդ, ով ակտիվ գործունեություն է ծավալում ավելի քան 25 երկրներում և ունի Կենտրոնական Ասիայում ընդլայնվող ներկայություն, Մասդարը մեծ փորձ ունի արևային, հողմային, թափոններից էներգիա ստանալու և կայուն անշարժ գույքի ոլորտներում կոմերցիոն իմաստով հաջողված նախագծեր մշակելու գործում: Ինչպես ցույց է տալիս այսօրվա ստորագրման արարողությունը, մենք ցանկանում ենք ուսումնասիրել այն բազմաթիվ եղանակները և մեթոդները, որոնց միջոցով մենք կարող ենք օգտագործել այդ փորձը և փորձառությունը Հայաստանում, որտեղ առկա է դեռևս չօգտագործված արևային և հողմային էներգիայի պոտենցիալ»: 

Հայաստանն արդեն ունի փոքր և միջին չափի արևային ֆոտովոլտային կայաններ 50 ՄՎտ համակցված հզորությամբ, ևս 250 ՄՎտ հզորության արևային նախագծերը լիցենզավորված են շինարարության համար, իսկ նախատեսվող ծրագրերի ծավալը կազմում է ընդհանուր 700 ՄՎտ: 

«Մասդարը և ԱՆԻՖ-ը իրենց խոսքի տերն են՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբով վերականգնվող էներգետիկայի նախագծերն իրականացվելու են անհապաղ», - ասաց ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Վերջին ամիսների ընթացքում մեր երկու թիմերը համախմբվել են որպես մեկ միավոր, և ես ուրախ եմ զեկուցել, որ մենք այսօր ՀՀ Կառավարությանն ենք ուղարկել մեր կողմից համատեղ առաջարկվող հավակնոտ և մրցակցային առաջարկը, որտեղ ուրվագծվում են 400 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մանրամասները»: 

2010թ.-ից ի վեր, հանդիսանալով Մասդարում գլխամաս ունեցող «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության» լիիրավ անդամ, Հայաստանը հանձնառություն ունի իր էներգիայի ներքին կարիքների ավելի քան մեկ քառորդ մասն արտադրել վերականգնվող աղբյուրներից և հույս ունի 2015 և 2050 թվականների միջև ածխածնի արտանետումների շեմը պահպանել 633 միլիոն մետրիկ տոննա ածխածնի չափով: 

Հունվար ամսին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը գտնվել է ԱՄԷ-ում և պաշտոնական այցի շրջանակներում ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում։ Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ ելույթ ունենալու «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2020»-ի շրջանակներում տեղի ունեցող «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում, որը տեղի կունենա 2020թ. հունվարի 11-18-ը:

Հանդիսանալով Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի ընկերություն՝ «Մասդարը» զբաղվում է վերականգնվող էներգիայի առևտրայնացմամբ և տեղակայմամբ, կայուն քաղաքաշինությամբ և մաքուր տեխնոլոգիաներով` գլոբալ կայունության մարտահրավերների լուծման նպատակով: Մուբադալա Ներդրումային Ընկերությանն ամբողջապես պատկանող՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերություն՝ Մասդարի գործունեությունն ուղղված է օգնելու ԱՄԷ-ի ղեկավարությանը գլոբալ էներգետիկ ոլորտում` աջակցելով ինչպես տնտեսության, այնպես էլ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ ի օգուտ ապագա սերունդների: Մասդարը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄԷ-ում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում և Հյուսիսային Ամերիկայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]