Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանն ու Կորեան տորագրել են մտավոր սեփականության բնագավառում փոխըմբռնման հուշագիր

Հայաստանն ու Կորեան տորագրել են մտավոր սեփականության բնագավառում 
փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում նոյեմբերի 18-ին մեկնարկել է «Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից և Կորեայից: Աշխատաժողովից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և համագործակցությունը խորացնելու նպատակով:

Հուշագիրը ստորագրել են Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն։ Հուշագրով նախատեսվում է, որ Կորեայի գյուտերի խթանման ասոցիացիան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հետ կկիսվի մտավոր սեփականության ոլորտում իր ուսումնական ծրագրերով: Մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և երկու կազմակերպությունների միջև սերտ կապերն ավելի խորացնելու նպատակով կիրականացվի տեղեկատվության և կադրերի փոխանակում: Կողմերը կհամագործակցեն նաև մտավոր սեփականության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ ներառյալ ուսանողների դասավանդումը, ուսուցիչների վերապատրաստումը և այս ոլորտում մտքերի ու փորձի փոխանակումը սեմինարների, աշխատաժողովների, կլոր սեղանների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով:

Կողմերը կփոխանակեն հետազոտություններ, անհրաժեշտ տվյալներ, հրապարակումներ և մտավոր սեփականությանն առնչվող այլ նյութեր, ինչպես նաև կապահովեն երկու երկրներում կազմակերպվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներին, գիտաժողովներին և ցուցահանդեսներին իրենց երկրների համապատասխան մասնագետների մասնակցությունը:

Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ գործակալության պատվիրակությունը 2018 թվականին այցելել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակ (KIPO)՝ մտավոր սեփականության բնագավառում վերջիններիս կողմից մշակված ուսումնական ծրագրերին ծանոթանալու և այդ փորձը Հայաստանում ներդնելու նպատակով: Պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են նաև ուսումնական հաստատություններում, մասնավորապես, դպրոցներում մտավոր սեփականության վերաբերյալ դասընթացներին, այցելել են էլեկտրոնային խաղերի արտադրության ստուդիաները և ոգևորվել ու անչափ տպավորվել են մտավոր սեփականության ոլորտում մշակված և Կորեայի դպրոցներում արդեն իսկ ներդրված ուսումնական ծրագրերով: Երեմ Չախոյանը հույս է հայտնել, որ երևանյան երկօրյա աշխատաժողովը հնարավորություն կընձեռի մտավոր սեփականության ոլորտում ուսուցման միջազգային լավագույն փորձին ծանոթանալու, իսկ Հուշագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ կհաջողվի այդ փորձը կիրառել նաև Հայաստանում:

Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ավելացրել, որ իրենց թիմը պատրաստակամ է հայ գործընկերներին փոխանցելու մտավոր սեփականության բնագավառում իրենց փորձը և գիտելիքները։

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հանդիպումը Ջունիո Կոի հետ։ Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am