Քաղաքականություն

ՀՀ-ի ու Ղազախստանի խորհրդարանների նախագահներն ընդգծեցին հարաբերությունների բազմակողմանի զարգացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ի ու Ղազախստանի խորհրդարանների նախագահներն ընդգծեցին հարաբերությունների բազմակողմանի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ ԴարիգաՆազարբաևան ընդգծեցին երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացման փաստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր ունեն միջխորհրդարանական խմբերը:

«Ես վստահ եմ, որ ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին: Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ ելնելով մեր երկրների ու ժողովուրդների ընդհանուր հետաքրքրություններից: Ցանկանում եմ ընդգծել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Ուրախ եմ նաև նշել, որ մեր հարաբերությունների զարգացման մեջ մեծ դեր է խաղում միջխորհրդարանական համագործակցությունը: Մինչև տարվա վերջ Ղազախստանի խորհրդարանի ղազախ-հայկական բարեկամական խումբը կայցելի Հայաստան: Մենք ակտիվ համագործակցում ենք տարբեր միջազգային հարթակներում»,- ասաց Միրզոյանը:

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարելի է անվանել եղբայրական:

«Եղբայրական են մեր ժողովուրդների հարաբերությունները, որովհետև մենք շատ նմանություններ ունենք մշակույթի, լեզվի հետ կապված: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, այս 20 տարվա ընթացքում նոր էջ է բացվել մեր երկու երկրների պատմության մեջ: Սա մեծ իրադարձություն է, և հպարտանալու առիթ թե՛ մեր, թե՛ ձեզ համար»,- նշեց Նազարբաևան:

Խորհրդարանների նախագահները Ազգային ժողովի այգում կմասնակցեն ծառատունկի արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում