Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ

Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` 
արևմտահայերեն փոխադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ Թումանյանի թանգարանը հրատարակել է Թումանյանի մանկական ստեղծագործությունների արևմտահայերեն փոխադրությամբ գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արևմտահայերենի փոխադրումն իրականացրել է Լևոն Շանթը Կ.Պոլսի հայ մանուկներին Թումանյանի աշխարհն էլ ավելի ճանաչելի ու հասկանալի դարձնելու նպատակով: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Ժամանակին Հովհաննես Թումանյանին ու Լևոն Շանթին հրավիրել են կազմել տարրական դասարանների համար նախատեսված «Լուսաբեր» դասագիրքը: Սկզբում այն հրատարակվել է արևելահայության համար, բայց այնքան հաջողված էր, որ Լևոն Շանթը դասագիրքը փոխադրեց արևմտահայերեն: Մեր  թանգարանում դասագրքի տարբեր հրատարակություններ են պահվում. այն բավականին երկար կյանք  է ունեցել: Այս գրքի հիմքում այն բոլոր դասագրքերն են, որոնք հրատարակվել են մինչև Թումանյանի մահը»,-պատմեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Գիրքը, որում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները,  բալլադներն ու լեգենդները, պատմվածքները, նկարազարդել են արտասահմանում ապրող հայ մանուկները, նրանց աջակցել են Հայաստանում ապրող երեխաները: 

Հրատարակման համար ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արմինե Կարապետյանը: Թանգարանը նրան նվիրեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալը:

Արմինե Կարապետյանն ասաց, որ ծնվել է Իրանում` հայրենասեր ու կրթված ընտանիքում: «Հայրս գրող էր, իսկ մայրս` ուսուցչուհի:  Թումանյանը մեր ամենասիրելի հեղինակներից է, և մենք մեծացել ենք նրա հեքիաթներով»,-նշեց նա:

Գիրքը կազմել է Անի Եղիազարյանը, խմբագրել է Նարինե Խաչատրյանը, սրբագրել` Քնարիկ Աբրահամյանը, ձևավորումն իրականացրել է  Մանե Խաչատրյանը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ