ԱԺ-ում քննարկվում են Հայաստանում գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում պատգամավորներն ու գիտության ոլորտի ներկայացուցիչները քննարկում են Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումը նախագահող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում Հայաստանում գիտությունը բավարար չափով չի ֆինանսավորվել, ինչը այս քննարկման հիմնական խնդիրներից մեկն է:
«Թե՛ ֆունդամենտալ, թե՛ կիրառական գիտություններում հիմնականում շեշտը դրվել է ծրագրային ֆինանսավորման վրա: Բայց հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար, և այն գրավիչ ու մոտիվացնող դարձնելու համար պետք է ֆինանսավորում: Հստակ է, որ պետք է աշխատավարձերը բարձր լինեն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան գալ դեպի գիտություն»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորը նշեց, որ քննարկման արդյունքներն ու ընթացքում հնչած տեսակետները հաշվի կառնվեն նաև կառավարությունում:
«Կարծում եմ, որ մեր այսօրվա քննարկումն ու արտահայտած մտքերը շատ կարևոր կլինեն, որովհետև օրեր առաջ ես նաև վարչապետին ներկայացրի իմ մտահոգությունները գիտության ֆինանսավորման հետ կապված, և եղավ արձագանք, որ այսօրվա քննարկման արդյունքները պարտադիր կառավարությունում կլսվեն և հաշվի կառնվեն: Մենք միայն խոսելու համար չենք հավաքվել այստեղ, այլ հավաքվել ենք հստակ գործնական նպատակով, որ կարողանանք հասկանալ՝ ինչպե՞ս, ո՞ր ոլորտներում, ի՞նչ նոր մոդելներով, և ինչպե՞ս պետք է կատարվի ֆինանսավորումը»,- նշեց նա: