Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է ԵՊԲՀ

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է ԵՊԲՀ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊԲՀ-ից, նա արդեն երկրորդ անգամ է այցելում բժշկական համալսարան, որտեղ կրթություն է ստանում ավելի քան 900 հնդիկ ուսանող:

Ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրեց բուհում սովորող հնդիկ ուսանողների համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ինտեգրմանը, առաջադիմության բարձրացմանը, կարգապահությանն ու կեցությանը վերաբերող խնդիրներին: Արմեն Մուրադյանը նշեց, որ օտարերկրացի ուսանողների հետ կապված հարցերը բուհի ուշադրության կենտրոնում են: Տեսական գիտելիքների հետ մեկտեղ հնդիկ ուսանողները հնարավորություն են ստացել համալսարանական հիվանդանոցային համալիրներում իրականացնել կամավորական աշխատանք, ինչի շնորհիվ ձեռք են բերում նաև գործնական հմտություններ: Այդ թվում ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպվել են անվճար դասընթացներ այն առարկաներից, որոնցից հնդիկ սովորողներն ունեցել են դժվարություններ ուսումնառության ընթացքում: «Մեր նպատակն է, որ Հայաստանում բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողները մրցունակ լինեն ամբողջ աշխարհում»,-հավելեց Արմեն Մուրադյանը:

Կիշան Դան Դևալը պատրաստակամություն հայտնեց պարբերաբար հանդիպել, քննարկել ու լուծել հնդիկ ուսանողներին վերաբերող ցանկացած հարց: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը լավագույն համալսարանն է Հայաստանում»,-ասաց Կիշան Դան Դևալը՝ շնորհակալություն հայտնելով բուհին՝ որակյալ ապագա բժիշկներ պատրաստելու համար, որոնց կարիքն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հնդկաստանում մեծ է:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանն այցելեց Համալսարանական ուսանողական հանրակացարան, տեղում ծանոթացավ այնտեղ բնակվող հնդիկ ուսանողների կեցության պայմաններին, ինչպես նաև մասնակցեց հնդիկ ապագա բժիշկների կողմից կազմակերպած միջոցառմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am