ՊՎԾ-ն ուսումնասիրում է ԱԱԾ-ի ֆինանսական գործունեությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսական գործունեությունը` մոտ 2 տարվա կտրվածքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց` ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը` անդրադառնալով հարցերին:
«ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է մեր ֆինանսական գործունեությունը` երևի 2 տարվա կտրվածքով»,-ասաց նա ու վստահեցրեց, որ այդ ուսումնասիրությունները ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ որևէ առնչություն չունեն»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա հերքեց նաև այն բոլոր լուրերը, թե իբր Վանեցյանի նկատմամբ որևէ քննություն պետք է տարվի կամ նա պետք է ձերբակալվի: «Ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»,-նշեց նա:
Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել է սեպտեմբերի 16-ին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1 տարի 4 ամիս: