Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

2 րոպեի ընթերցում

 ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին՝ պատասխանելովհայ պատվիրակիհարցին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս ուղերձը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ կոչերին: Ցավոք, մյուս կողմը համապատասխան չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելին, այն շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Այս առնչությամբ ես հարց ունեմ. ինչպե՞ս կարող է Հյուսիսատլանտյան դաշինքը նպաստել ԼՂ հակամարտութան արդար և տևական լուծմանը, և մասնավորապես ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-հնչել է հարցը:

Ստոլտենբերգը նախ նշել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ին և շատ լավ է որակել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում