Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Ֆրենկ Փալոնը խոստացել է «Google»-ի և «PayPal»-ի հետ քննարկել Հայաստանին առնչվող խնդիրները

Ֆրենկ Փալոնը խոստացել է «Google»-ի և «PayPal»-ի հետ քննարկել Հայաստանին 
առնչվող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, ողջունելով կոնգրեսականին, նշել է, որ բարձր է գնահատում Ֆրենկ Փալոնի  գործունեությունը` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաև Արցախում ականազերծման աշխատանքների և այլ մարդասիրական ծրագրերի աջակցմանը։ 

Հակոբ Արշակյանը Ֆրենկ Փալոնի հետ խոսել է նաև նախարարության ծրագրերի և առաջնահերթությունների, ինչպես նաև վերջերս ԱՄՆ կատարած այցի որոշ մանրամասների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ 

Ֆրենկ Փալոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, նշել է, որ քաջատեղյակ է հայերի տեխնոլոգիական ներուժի և տաղանդի մասին: Լինելով ԱՄՆ կոնգրեսի էներգիայի և առևտրի կոմիտեի նախագահը, որտեղ քննարկվում են ինտերնետին, կապի տեխնոլոգիաներին առնչվող հարցեր, կարևորել է երկկողմ հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ: 

Կոնգրեսականը առաջարկել է  ներկայացնել տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք նախարարությանը կհետաքրքրի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն առաջ մղելու համար։ 

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ հաշվի առնելով ամերիկյան մի շարք ընկերությունների առկայությունը Հայաստանում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։

Նախարարը Ֆրենկ Փալոնին է ներկայացրել նաև «Google maps»-ի անճշտությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում, «Youtube»-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, «Paypal»-ի՝ Հայաստանում լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով, որ կոնգրեսականը ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների ղեկավարության հետ:

Ամերիկացի կոնգրեսականը խոստացել է աջակցել բարձրացված խնդիրների շուրջ և քննարկել առաջադրված հարցերը «Google» և «PayPal» ընկերությունների հետ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ