Սահմանվեց իշխանության մարմիններին ներկայացված հաշվետվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը սահմանեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը բաղկացած կլինի 11 անդամից:
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն ԱԺ որոշման նախագծով առաջարկել էր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 18:
«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ էր ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել էր, որ խմբակցությունը միանում է նախաձեռնությանը և ունի մեկ առաջարկ: Լիլիթ Մակունցի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի կազմում 18 անձ ներառելը շատ է, ուստի խմբակցությունն առաջարկել էր 18-ը փոխարինել 11-ով:
Եզրափակիչ ելույթում Սերգեյ Բագրատյանն ընդունելի էր համարել Լիլիթ Մակունցի առաջարկը:
Որոշման նախագիծն ընդունվեց 111 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: