Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմն առաջիկայում կլինի մեծ էկրաններին

Արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմն 
առաջիկայում կլինի մեծ էկրաններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս արվեստասեր հանրության բարձր գնահատականներին արժանացած, միջազգային մրցանակակիր «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմը շուտով մեծ էկրաններին կլինի։

Ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 17-ին «Կինոպարկ»-ում, որտեղ հոկտեմբերի 17-ից սկսած մեկ շաբաթյա բացառիկ ցուցադրություններ կլինեն, իսկ հոկտեմբերի 25-ից սկսած ցուցադրությունները կշարունակվեն թե՛ «Կինոպարկ»-ում, թե՛ Երևանի բոլոր կինոթատրոններում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասաց, որ ֆիլմը կյանքի կոչելիս անցել են բազում դժվարությունների միջով: «Հայաստանում ֆիլմ նկարահանելը, այն էլ՝ արցախյան թեմայով, բավականին բարդ է թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով: Այս անգամ ևս հարևան պետությունը փորձեց խոչընդոտել արտասահմանյան դերասանական և ստեղծագործական կազմի ներգրավվածությանը ֆիլմին և արտասահմանյան նկարահանումներին, ագրեսիայի ալիք բարձրացրեց, ինչը դժվարացրեց եվրոպական կողմից ֆինանսական աջակցության հարցը։ Այո, մեր հարևանները մեզ փորձել են խոչընդոտել, բայց մենք առաջ ենք ընթացել հոսանքին հակառակ և այսօր արդեն ունենք մեծ արդյունք։ Ֆիլմի թիրախային հանդիսատեսն ամբողջ աշխարհն է, ուստի մենք ֆիլմ ենք ստեղծում միլիոնավոր մարդկանց համար»,-նշեց Ավետիսյանը։

Ֆիլմի ֆինանսական բացի մի մասը հեղինակները լրացրել են՝ Crowdfunding-ային (հանրային դրամահավաք) արշավի միջոցով:Արդյունքում գոյացել է ավելի քան 35 000 ԱՄՆ դոլար: «Հազարից  ավելի մարդ աշխարհի տարբեր մասերից աջակցել է ֆիլմի կայացմանը: Տասը դոլարից սկսած մինչև մեծ գումարներ ներդրում է կատարվել ֆիլմի իրագործման համար: Դա խոսում է այն մասին, որ մեր աշխատանքը գնահատել և կարևորել են ամբողջ աշխարհում»,-ընդգծեց ռեժիսորը:

Վերադառնալով խոչընդոտներին՝ նա խոստովանեց, որ որքան էլ փորձում են արվեստով առաջնորդվել, միևնույն է, հայտնվում են քաղաքական դաշտում: Ավետիսյանի խոսքով՝գեղարվեստական գրականությունը, ֆիլմերը, առհասարակ, արվեստը սահմաններ չունեն: «Քիչ չեն օրինակները, երբ բռնացել են այս կամ այն գեղարվեստական արժեք ներկայացնող ստեղծագործությունը ի չիք դարձնելու համար, սակայն եթե այն գեղարվեստական արժեք է իրենից ներկայացնում, ապա վստահորեն ապրելու է և գտնելու է իր տեղը։ Այս պահի դրությամբ, մեր հարևանները փորձում են «YouTube»-ում արգելափակել «Դրախտի դարպասը» ֆիլմի թրեյլերը, եթե նույնիսկ դա նրանց հաջողվի, միևնույն է, ֆիլմն ապրելու է՝ շարունակելով ցուցադրություններն ամբողջ աշխարհում։ Մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած նպատակին՝ արվեստի բարձրարժեք գործերի ստեղծմանը»,-ընդգծեց Ավետիսյանը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

«Բոլոր կերպարները նախատիպեր ունեն: Այս մարդիկ կան, եղել են, բայց իրական կյանքում նրանք միմյանց հետ կապ չեն ունեցել: Ես, սցենարիստ Արտավազդ Եղիազարյանն ու համասցենարիստ Մկո Մալխասյանը, փորձել ենք նրանց կտրել իրենց իրականությունից և բերել մեր իրականություն»,-ասաց Ջիվան Ավետիսյանը:

Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Բուլղարիայի և Իտալիայի  հետ համատեղ արտադրությամբ ստեղծված այս ֆիլմում նկարահանվել են համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ։ Գլխավոր դերերում  հանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից: «Հպարտանալու ևս մեկ առիթ է, որ այս մարդիկ սիրել են ֆիլմի պատմությունը, դրաման, հերոսներին»,-նշեց ֆիլմի ռեժիսորը:

Երևանյան ցուցադրությունից հետո «Դրախտի դարպասը» ցուցադրվելու է նաև Արցախում, ապա շրջելու է ամբողջ աշխարհում` մասնակցելու միջազգային կինոփառատոնների:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]