Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անպտղություն ունեցող զույգերը կստանան անվճար բուժում. ովքեր կարող են օգտվել ծրագրից

Անպտղություն ունեցող զույգերը կստանան անվճար բուժում. ովքեր կարող են օգտվել 
ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անպտղություն ունեցող, հատուկ պահանջների բավարարող զույգերը սեպտեմբերի 9-ից կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական վարչության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

«Անպտուղության բարձր՝ 14.8 տոկոս մակարդակ կա Հայաստանում, դրանցից 4.3 տոկոսն առաջնային է, 10.6 տոկոսը` երկրորդային: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ եթե երկրում կա անպտղության 15 և ավելի տոկոս, ապա ճգնաժամային մակարդակ է, քանի որ դա ազդում է ծնելիության վրա: Ելնելով սրանից մենք շատ կարևորեցինք այս ծրագիրը, և ի ուրախություն մեզ պետությունն առաջին անգամ թույլատրեց ծրագիրն իրականացնել: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակներում իրականացվելու են բուժօգնության հետևյալ տեսակները` անպտղության պատճառների հետազոտում և բուժում, մինչ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացումը, պարտադիր հետազոտությունների իրականացում, ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորումը` առավելագույնը 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, և հավելյալ սաղմեր ստանալու դեպքում արգանդի խոռոչ երկրորդ և երրորդ տեղադրումները նույնպես կկատարվի անվճար: Եթե ամուսնական զույգն ուզում է երկրորդ փորձը, ապա պետությունը այդ ծախսը կարող է փոխհատուցել  50 տոկոսով»,-ներկայացրեց Ավագյանը:

Միևնույն ամուսնական զույգի բուժօգնության բոլոր տեսակներից կարող է օգտվել, եթե կա ցուցում:

Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջիջների և դոնորական սերմնաբջիջների ծախսերը, դրանք կատարում է շահառուն:

Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է պատկանի որոշակի խմբի՝ ամուսինը կամ կինը պետք է լինի զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ, ռազմական գործողությունների ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներ, անապահովության համակարգում ներառված` 30.01 և ավելի միավոր ունեցող ընտանիքներ, ամուսիններից մեկի մոտ հաշմանդամության առկայություն և սոցիալական հատուկ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգեր:

Ավագյանի խոսքով՝ ծրագրից կարող են օգտվել բացառապես երկու և ավելի տարվա անպտղություն ունեցող անզավակ զույգերը:

Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն նաև լրացուցիչ պահանջների`ամուսինները կամ ամուսիններից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և ամուսնությունը գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով: Կինը պետք է լինի 20-35 (ներառյալ) տարիքային խմբում (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:

Ավագյանը պատճառաբանեց, թե ինչու է դրվել տարիքային սահմանափակում: «Ընտրված է 20-35 տարեկանը, քանի որ 35-ից հետո խիստ ընկնում է պտղաբերության ինդեքսը: Պետությունը չի կարող ծախսեր անել` իմանալով, որ արդյունքը փոքր է»,-նշեց նա:

Ծրագրի շահառու դառնալու համար անձը պետք է ընտրի վերարտադրողական տեխնոլոգիաներ տրամադրող Երևանում գործող 5 կազմակերպություններից որևէ մեկը` Շենգավիթ, Աստղիկ ԲԿ-ներ, Ֆերթիլիթի կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն (Մարգարյան ծծնդատուն) և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձական գինեկոլոգիային հանրապետական ինստիտուտ(Հանրապետական ծննդատուն), դիմի այդ կազմակերպություններին, ներկայացնի պահանջվող փաստաթղթերը:

Այդ հինգ բուժհաստատություններում արդեն կազմավորված են հանձնաժողովներ, փաստաթղթերը պետք է ներկայացվեն հանձնաժողովին: Պետք է ներկայացվի դիմում, կնոջ և ամուսնու անձնագրերը, ամուսնության վկայականը, կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Ավագյանը վստահեցրեց՝ դիմումը ստանալուց հետո լինելու է հերթագրում ընդհանուր էլեկտրոնային համակարգում, որ հերթն առաջ տալու հնարավորություն, սուբյեկտիվ գործոն չլինի: Այդ կենտրոններում աշխատող բժշկի ընտրությունը ևս ազատ է:

Ավագյանը հիշեցրեց՝ պետությունը կարող է փոխհատուցել միայն անպտղության վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի պրոցեսի համար:Պետությունը չի կարող փոխհատուցել դոնորական ձվաբջջի, փոխնակ մոր համար:
Ծրագիրն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 7-ից, սակայն քանի որ օրը շաբաթ է, ապա գործելու է երկուշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 9-ից:

Ծրագրի իրագործման համար հատկացվել է 210 մլն դրամ: Թե մեկ շահառուի վրա որքան կծախսվի, դեռ դժվար է ասել: «Մոտ 300 շահառու կարող են ներգրավվել: Եվ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի մեր բյուջեն պետք է ավելանա, և մենք շահառուների ցանկն ավելացնենք»,-ասաց Ավագյանը:

Գումարը պետք է բաշխվի բուհաստատութունների միջև` ըստ կատարողականի:

Վարչության պետի հավաստիացմամբ՝ կառավարությունը շատ կարևորում է առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացումը: «Սա լուրջ պոտենցիալ է: Մենք պետք է օգնենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի ստացվում: Իհարկե իդեալական կլիներ, որ կարողանայինք օգնել անպտղություն ունեցող բոլոր զույգերին, սակայն կա ֆինանսական միջոցների սղություն»,-ասաց Ավագյանը:


Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]