Հասարակական

ՀՀ նախագահը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ

ՔԱՐԱՀՈՒՆՋ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը միջոցառման ընթացքում նաև պարեց փառատոնի մասնակիցների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թթի փառատոնին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Քարահունջի թթի փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Քարահունջ գյուղում արդեն երրորդ անգամ են անցկացնում թթի փառատոնը, մինչ այդ երկու տարի թթի փառատոնը տեղի է ունեցել Գորիսում:

«Մենք վեր ենք հանում մեր հին ավանդույթները: Եթե տեսնեք, այստեղ միայն ալկոհոլ չի ներկայացված: Այստեղ ներկայացված է թթից սարքած դոշաբ, մուրաբաները, ուտեստները, որոնց մեջ թութը օգտագործվում է»,- ասաց նա:

Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ թթի փառատոնի շրջանակներում ներկայացված է 25 տաղավար:

Թթի փառատոնի մեկնարկը տրվել է մրցութային թութ թափելու արարողությամբ, ինչից հետո տեղի է ունենում ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք:

Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում