Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի բուհերում դիմորդների թվի ավելացում է նկատվում. Ավանդական ուղղությունները շարունակում են դիմորդների շրջանում պահանջված մնալ

  Հայաստանի բուհերում դիմորդների թվի ավելացում է նկատվում. Ավանդական 
ուղղությունները շարունակում են դիմորդների շրջանում պահանջված մնալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բուհերում ընթացիկ տարում դիմորդների թվի ավելացում է նկատվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը նշեց, որ դրական դինամիկա ունեն ինչպես 2017-ի, այնպես էլ 2018-ի համեմատ: ԵՊՀ-ում այս տարի ընդհանուր 53 կրթական ծրագրերով դիմորդների թիվը կազմել է 3 հազար 281: Այս ցուցանիշը 2017 թվականի համեմատ աճել է 25 տոկոսով, 2018-ի համեմատ շուրջ 60 տոկոսով:

«Ճիշտ կլինի թվային համեմատությունն արվի 2017 թվականի հետ, որովհետև գիտենք, դպրոցական կրթական ծրագրի փոփոխությամբ պայմանավորված 2018 թվականին դիմորդների թիվը շատ քիչ է եղել:Ամեն դեպքում թե 2018-ի, թե 2017-ի համեմատ այս տարի մեր դիմորդների թիվն ավելին է»,-ասաց Արմեն Սարգսյանը: Դիմորդների շրջանում պահանջված մասնագիտություններն են ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, իրավագիտությունը, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, լրագրություն: Արմեն Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին հիմնականում այս մասնագիտություններն են պահանջված:

«Ունենք մասնագիտություններ, որոնց ուղղությամբ նույնիսկ անվճար տեղերը դեռ չեն լրացվել, միջուկային ռեակտորների ֆիզիկան է, երկրաբանությունը, աստվածաբանությունը: Կան նաև կրթական ծրագրեր, որտեղ դիմորդները շատ չեն՝ քիմիա և սննդի արդյունաբերություն»,-ասաց Արմեն Սարգսյանը:

 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում պահանջված մասնագիտություններից է հոգեբանությունը, տարրական մանկավարժությունը, լոգոպեդիա, պարարվեստ, հագուստի մոդելավորում: Մանկավարժական համալսարանում այս տարի առկա է 1481 տեղ, որից 91-ն անվճար է: Նշված տեղերի համար դիմել է 900 հոգի,ինչը 2018 թվականի համեմատ ավելին է 300-ով:

«Ինչպես նշեցի, ունենք բաժիններ, որոնք խիստ պահանջված են, սակայն կան մտահոգիչ ցուցանիշներ՝ կապված այն մասնագիտությունների հետ, որոնք պահպանված չեն՝ ֆիզիկան, քիմիան, մշակութաբանությունը, շրջակա միջավայրի գիտությունները, գրադարանային տեղեկատվական աղբյուրները: Այս ուղղություններով դիմելիությունը խիստ սակավ է»,-ասաց համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը: 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ ունեն 1130 տեղ: Առաջին փուլով արդեն ունեն 1029 դիմորդ: Պոլիտեխնիկական համալսարանն ամեն տարի դիմորդների աճ է ունեցել:

«Մեզ մոտ դիմորդների 60 տոկոսը բաժին է ընկնում տեղեկատվական տեխնոլոգիաներին, ռադիոտեխնիկային, կիբերնետիկային, քանի որ այս ուղղություններով շատ են աշխատանքի թափուր տեղերը: Միևնույն ժամանակ աճ ենք տեսնում էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի ուղղությամբ: Համեմատաբար պասիվ է ընդերքի և քիմիական տեխնոլոգիաների ուղղությունը»,-ասաց Գոռ Վարդանյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ տարիներ շարունակ դիմորդների շրջանում շարունակում է պահանջված մնալ իրավագիտությունը, տնտեսագիտությունը, հոգեբանությունը, այն դեպքում, երբ շուկայում պահանջարկն այլ մասնագիտությունների գծով է, բուհերի ներկայացուցիչները նշեցին, որ այդ միտումը բացատրելու համար խորն ուսումնասիրություններ են պետք, սակայն նկատեցին, որ ամեն դեպքում տարեց տարի պահանջված մասնագիտությունների կառուցվածքում փոփոխություններ նկատվում են: Ինչ վերաբերում է ավանդական ուղղություններին, որոնք բոլոր տարիներին դիմոդների շրջանում պահանջված են, ապա, ըստ Արմեն Սարգսյանի, միգուցե դա կարծրատիպերի հետ է կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]