Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարուքյանի՝ «գեղեցիկ աղջիկ» արտահայտությունը՝ խորհրդարանում թեժ ելույթների թեմա

 Մարուքյանի՝ «գեղեցիկ աղջիկ» արտահայտությունը՝ խորհրդարանում թեժ ելույթների 
թեմա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝  «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին «գեղեցիկ աղջիկ» արտահայտությանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը հորդորեց կենտրոնանալ ոչ թե ոճաբանության, այլ առաջարկի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հունիսի 24-ի նիստում պատգամավորներն իրենց ելույթներով անուղղակի բանավիճեցին:

Ավելի վաղ իր ֆեյսբուքի ուղիղ եթերում Մարուքյանն անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակը։ «Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք», - նշել էր Մարուքյանը։

Նախ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Մարուքյանի՝ «գեղեցիկ աղջիկ» արտահայտությանը, հիշեցրեց, որ Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի կոմիտեի  նախագահի մասին: «Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և իրեն դրսևորել «կլասիկ», այլ ոչ «ռաբիս» պատգամավորի պես»,-նշեց Մկրտչյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ևս խոսեց այդ թեմայով: «Ես կարծում եմ, որ ԱԺ-ի պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն հատկապես հանրային ելույթներում և հանրային վայրերում: Եվ ուզում եմ տեղեկացնել, որ ոչ քաղաքական, անհիմն, գռեհիկ ձևակերպումներն ԱԺ-ում կստանան արժանի պատասխան»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախ նշեց, որ շնորհակալ է ԱԺ-ում Մարուքյանի շատ կառուցողական առաջարկի մասին հիշեցնելու համար, հույս հայտնեց, որ այն տեղ է հասել: «Եվ ձեզ խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ մեկնաբանություն չանել, հատկապես, երբ Մարուքյանը դահլիճում չէ: Ի դեպ, դուք, որ անընդհատ մեզ ասում եք, որ առաջարկներ անենք,  սպասում եք կառուցողական առաջարկների, առանց ռեպլիկներ անելու վերցրեք այդ կառուցողական առաջարկը, փորձեք հարցը լուծել»,-նշեց պատգամավորը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ խոսքը վերաբերում էր ոչ թե առաջարկին, այլ ոճաբանությանը: «Առաջարկ միշտ կարելի է անել, սակայն դա ձև ունի»,-ասաց Սիմոնյանը:

Ավելի ուշ իր ելույթում Սամսոնյանն ասաց, որ Մարուքյանը շատ կառուցողական առաջարկ է արել: «Հարևան Վրաստանում կատարվում են իրադարձություններ, և Մարուքյանն այդ ֆոնին առաջարկում էր ընդամենը ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տարանցիկ չվերթները՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հիմա դուք փոխանակ կենտրոնանաք առաջարկի վրա, կենտրոնանում եք ոճաբանության վրա»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ «փայլուն կառավարություն» արտահայտության մեջ ոչ մի վատ բան չկա. Սամսոնյանը չի հասկանում, թե ինչու են մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից, որն ընդամենը կոմպլիմենտ էր: «Եվ եկեք օբյեկտիվ լինենք, ու հասկանանք, որ մինչ այժմ այդ սիրուն աղջիկը որևէ արդյունք չի տվել: Սա ընդամենը կոչ էր, որ դուք ակտիվացենք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան, որ աշխատենք ու Գյումրիի օդանավակայանն ակտիվացնենք»,-ասաց Սամսոնյանը:

Ալեն Սիմոնյանը իր ելույթում նշեց, որ ինքը Սամսոնյանին ամբիոնի մոտ հրավիրելուց երբեք իրավունք չի վերապահի հրավիրել ոչ թե որպես պատգամավորի, այլ սիրուն աղջկա: «Դա Ձեր միակ արժանիքը չէ: Կառավարության և նշված անձի միակ արժանիքը գեղեցիկ և փայլունը լինելը չէ»,-դիմելով Սամսոնյանին՝ ասաց Սիմոնյանը:

Մի քանի պատգամավորներ ևս ելույթներ ունեցան այդ թեմայով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am