Հասարակական

Ապարանում կկառուցվեն արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր

3 րոպեի ընթերցում

Ապարանում կկառուցվեն արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքներում համապատասխանաբար կկառուցվեն 20 կՎտ և 10կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր, որոնց շահագործումը կնպաստի համայնքի էներգետիկ ծախսերի կրճատմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Էներգախնայողության աջակցման հիմնադրամից, այդ ծրագրի իրականացման համար հայտարարաված մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել արևային էներգետիկայի հայկական շուկայի յոթ ընկերությունները: Մրցութային գործընթացի ավարտից հետո կսկսվի շինարարությունը և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կայանները կհանձնվեն շահագործման:

Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի (EU4ASEP) ծրագրի շրջանակներում և իրականացվում Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ :

Ապարան համայնքը պատահական չի ընտրվել:Համայնքն ունի բավական «հավակնոտ» ծրագրեր՝ արևային էներգիան լայնորեն օգտագործելու նպատակով և որդեգրել է կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր, որին աջակցելու նպատակով էլ ԵՄ կողմից հատկացվել է դրամաշնորհը։ Բացի այդ, Ապարանն ունի բավարար արևային ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում կառուցվելիք համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և կապահովի էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար:

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը Արթիկ քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման նախագիծն է։

Արթիկում՝ նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Կայանը լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Առաջիկայում այս ծրագրի իրականացման համար ևս կհայտարավի մրցույթ։

Ապարան և Արթիկ քաղաքներում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ.կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈհիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում