Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ժխտված արդարությունը հետապնդում է Ցեղասպանությունը վերապրածների սերունդներին. Զոհրաբ Մնացականյան

Ժխտված արդարությունը հետապնդում է Ցեղասպանությունը վերապրածների 
սերունդներին. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից ապրիլի 30-ին կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Երուսաղեմի Եբրայական համալսարանին տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու հետևողականության համար:

«Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլև հալածանքի և ինքնությամբ պայմանավորված զանգվածային սպանության, ցեղասպանության հանցագործության խորը ցավը: Այսօր մեր ժողովուրդները վստահորեն ապացուցել են իրենց տոկունությունն ու կայունությունը՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերահաստատելու իրենց հստակ ինքնությունը, ամրապնդելու իրենց քաղաքակրթական ազդեցությունն ու ժառանգությունը և վերականգնելու ազգ-պետությունները»,-ասել է նա: 

Նախարարն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ցեղասպանության ցավը շարունակում է հետապնդել վերապրածների սերունդներին, ինչի վկայությունն է արդարության հասնելու և զանգվածային վայրագությունների անպատժելիության դեմ պայքարելու հստակ ձգտումը: Նրա խոսով, ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, զոհերի արժանապատվությանը հարգանքի տուրք մատուցելը և իրենց հիշատակի ոգեկոչումը ծանր հանցագործությունները կանխելու հզոր միջոց են:

«Մենք նաև պարտավոր ենք միավորել մեր ուժերը ցեղասպանության վտանգի վաղ հայտնաբերման, վաղ արձագանքման և արդյունավետ կանխարգելման միջազգային մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ: Մտահոգիչ է, որ մեր ժողովուրդները շարունակում են առերեսվել ատելության, ժխտողականության և կատարված հանցագործությունների արդարացման վտանգավոր միտումներին»,- նշված է նախարարի ուղերձում:

Անդրադառնալով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարությանը՝  ՀՀ ԱԳ նախարարն այն որակեց վիրավորական և ցավալի: «Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը վճռականորեն դատապարտեցին այդ հայտարարությունը` որպես ատելություն և ծանր հանցագործություն հրահրող ակնհայտ գործողություն, ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողության և պատասխանատվության ձախողման ցուցադրություն և սպառնալիք միջազգային ու տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Հայաստանը հորդորեց միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ցեղասպանության զոհերի և նրանց վերապրածների հիշատակին և արժանապատվությանը հասցված վիրավորանքն ու վնասը: Այս կոչը, ըստ էության, փորձություն է միջազգային համերաշխության, վճռականության, ցեղասպանությունների և այլ ծանր հանցագործությունների կանխարգելման հանձնառության համար:  Աշխարհն արդեն իսկ մեկ անգամ լռել է 1915թ.»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը մի առիթով նշել է՝ «ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Ըստ նրա՝ թերևս հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված Հոլոքոստը, եթե Առաջին աշխարհամարտի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունն արժանանար միջազգային դատապարտման, հաշվետվողականության և պատժելիության:

«Ցեղասպանության կատարողները դասեր են քաղում մեկը մյուսից: Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակի թանգարանում Հիտլերի տխրահռչակ արտահայտության նշումը, թե «ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին», անպատժելիության սպառնալիքի վառ հիշեցումն է: Մենք ցեղասպանության ցավի մասին գիտենք ոչ թե դասագրքերից, այլ մեր սեփական ընտանեկան պատմություններից: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Այսօր ատելությամբ, անհանդուրժողականությամբ, ինքնությամբ պայմանավորված հանցագործություններով, զանգվածային ոճրագործությամբ և ցեղասպանական միտումներով լի աշխարհում «այլևս երբեքը» չի կարող լինել մակերեսային: Ինչպես երբևէ, ցեղասպանությունները կանխելու նպատակով հավաքական և վճռական գործելու միջազգային հանրությանն ուղղված հորդորը երբեք չի դադարելու: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում առաջնորդելու այդ ջանքերը»,- նշված է նախարարի ուղերձում:

Ուղերձի վերջում ԱԳ նախարար Մնացականյանն իր խորը գնահատանքն ու հարգանքն է հայտնել Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ֆակուլտետին, մասնավորապես, պրոֆեսոր Ռեուվեն Ամիտաին, ինչպես նաև բոլոր այն ուսանողներին, ովքեր ընտրել են հայագիտությունը` որպես հետազոտության բնագավառ:

«Այս ծրագիրը, որը կյանքի է կոչվել Հայաստանի կառավարության աջակցությամբ և Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համագործակցությամբ, եղել է հայոց պատմությունը, լեզուն, մշակույթն ու քաղաքակրթական ժառանգությունն ուսումնասիրելու կարևորագույն ակադեմիական և կրթական հարթակ: Ես երախտապարտ եմ ձեզ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների միջև ակադեմիական և կրթական համագործակցության ամրապնդման գործում ունեցած անմիջական և նշանակալի ներդրումի համար»,-նշել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]