Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայում քրդերն օգտագործում են հայկական գործոնը քարոզչական նպատակով

 Սիրիայում քրդերն օգտագործում են հայկական գործոնը քարոզչական նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացի վերահսկող, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈՒ) պատկանող լրատվամիջոցները ապրիլի 24-25-ին տարածել են տեղեկատվություն, տեսանյութ՝ նշված կառույցի ներսում «Հայկական գումարտակի» ձևավորման մասին (փաստացի ձևավորման ամսաթիվն է ապրիլի 22-ը): Նորաստեղծ միավորը կրում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված Կոմունիստական մարքսիստ-լենինյան կուսակցության և դրա զինված թևի հիմնադիրներից Նուբար Օզանյանի անունը, որը զոհվել է 2017թ. Սիրիայի ալ-Ռակկա քաղաքում՝ ԻՊ-ի դեմ պայքարում: Գումարտակի հրամանատարի անունը Մասիս է, իսկ ազգանունը թուրքական, արաբական և քրդական աղբյուրները տարբեր կերպ են նշում՝ Օթանյաֆ, Բուտանիա, Մութանյան:  Այս տեղեկատվության տարածումն ընդգծված քարոզչական նպատակով զուգորդվել է հայկական տարաբնույթ խորհրդանշական տարրերով՝ դրա մասին հայտարարվել է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի օրը, որից մեկ օր անց հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել ալ-Հասակա նահանգի Թել Գորան գյուղի հայկական Մարզիյա եկեղեցում, երգել են «Արդյոք ո՞վքեր են» երգը, կիրառվել են ՀՀ դրոշը, Անդրանիկ Օզանյանի, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Հրանտ Դինքի, Լևոն Էքմեքչյանի, PKK-ի առաջնորդների դիմանկարները և այլն: Հնչել են սիրիահայությանն ընդհանրական առումով վտանգող, տարբեր ուղղություններից թիրախավորող ապակառուցողական ուղերձներ, որպես օրինակ, միավորի ստեղծման նպատակները՝ «Ռոժավան» ԻՊ-ի և թուրքական պետության ֆաշիստական հարձակումներից պաշտպանելու, «Ռոժավայում» հեղափոխությունն ամրապնդելու վերաբերյալ:

Վերոնշյալի համատեքստում հարկ է ամրագրել հետևյալ մի քանի հանգամանքները՝

  1. Նախ և առաջ հարկ է նշել, որ որևէ կերպ խոսք չի կարող լինել առավել ընդգծված ազգային պատկանելություն ցույց տվող և անդամների մեծ թվաքանակ ենթադրող «Հայկական գումարտակ», գունդ, արտահայտությունների մասին, քանի որ նշված արհեստական խմբավորումը հազիվ թե ունենա համայնքային և եկեղեցական որևէ կառույցի աջակցություն։ Այն իրենից ներկայացնում է ընդամենը ՍԺՈՒ-ի կազմում անցած մի քանի տարիների ընթացքում հանդես եկած խիստ սահմանափակ թվով հայերի արհեստական համախմբում 1 միավորի ներքո։
  2. Հաշվի առնելով նշված միավորի ակնհայտ հակահայկական և վտանգավոր բնույթը՝ մեծ հավանականությամբ քրդերը դրա ձևավորմանը հասել են իրենց կողմից վերահսկվող ալ-Հասաքա, ալ-Կամիշլի և Դեյր Զոր շրջաններում ընդհանուր 3000-ից մի քիչ ավել թվով հայ ազգաբնակչության անվտանգության թեման շահարկելու միջոցով։
  3. Նման միավորման միջոցով քրդերը փաստացի երկակի կիրառման քարոզչական խաղաքարտ են ձեռք բերում մի կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ ընթացող անհարթ սակարկություններում, մյուս կողմից՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների դեմ հնարավոր դիմակայության համատեքստում։
  4. Այս տեղեկատվությունը, որպես պարարտ հող, Սիրիայում Թուրքիայի հակահայկական ծրագրերի իրականացման համար լայնորեն օգտագործվել է թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից՝ տարաբնույթ հակահայկական հավելումներով՝ ընդհուպ մինչև նշված միավորմանը «ահաբեկչական կառույց» բնորոշելու առումով։
  5. Վերջին շրջանում հայկական թեմատիկայով քրդական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությունը պարբերական բնույթ է կրում։ 

Նման նախաձեռնությունները կարող են պատճառ հանդիսանալ հետևյալ խնդիրների՝ 

  • Դրանք կարող են սեպ խրել նախ և առաջ սիրիահայ համայնքի տարբեր հատվածների միջև, վտանգել նրա անվտանգությունը՝ արհեստականորեն ստվերելով «դրական չեզոքության» դիրքորոշումը, որը սիրիական հակամարտության ողջ ընթացքում փաստացի զերծ է պահել համայնքին ուղղակի թիրախավորումից։
  • Նպատակ են հետապնդում խնդիրներ հրահրել սիրիահայ համայնքի և Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև առկա բավական բարձր մակարդակի հարաբերություններում։
  • Նպաստում են թուրքական քարոզչամեքենայի այն թեզին, համաձայն որի՝ հայկական կողմը լայնորեն աջակցում է հակաթուրքական «ահաբեկչական պայքարին»՝ դրանով իսկ ուղղակիորեն թիրախավորելով սիրիահայ համայնքին ԹՀ ԶՈւ-ի կամ թուրքամետ զինված խմբավորումների կողմից։
  • Հաշվի առնելով Սիրիայում հայկական հումանիտար առաքելության գործունեությունը՝ ստեղծում են արհեստական վտանգ՝ Հայաստանին սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչին ուղղակիորեն ներքաշելու առումով։

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]