Հասարակական

Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել 5 նոր մանկապարտեզներ

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել 5 նոր մանկապարտեզներ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր՝ ընդհանուր 4 մլրդ դրամ բյուջեով: Կկառուցվեն նոր մանկապարտեզներ, կկատարվեն նաև հիմնանորոգումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Նախատեսված են իրականացնել շուրջ 72 ծրագրեր, դրանց ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4 մլրդ դրամ: Մեծամասամբ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համայնքներում խնդիր հանդիսացող նախակրթական հաստատությունների և արտադպրոցական մշակութային դաստիարակության կենտրոնների կառուցմանն ու հիմնանորոգումներին: Շուրջ 5 մանկապարտեզներ կառուցվելու են զրոյից, նախատեսվում է ևս 7 մանկապարտեզի հիմնանորոգում, 5 մշակութային տան վերակառուցում և 3 մշակութային կենտրոնի կառուցում»,-ասաց Պետրոսյանը:

Մարզում նախատեսվում են նաև բազմաթիվ բակային տարածքների, մայթերի, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում ջրագծերի, կոյուղագծերի, ոռոգման ցանցերի կառուցում: Ծրագրերն ընդգրկելու են բոլոր 67 համայնքները:

Մարզպետը վստահեցրեց, որ բոլոր համայնքների ՏԻՄ բյուջեով արդեն նախատեսված են այդ միջոցները, և համայնքների մասով համաֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չի լինելու: Պետրոսյանի խոսքով՝ իսկ կառավարության համաֆինանսավորման մասը կախված է կառավարության որոշումից, որը նախատեսված է քննարկել մայիսի կեսերին կառավարության հատուկ նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում