Սպորտ

«Արագած»-ը ձգտելու է հաջորդ տարի ևս հաղթել բասկետբոլի առաջնությունում 

3 րոպեի ընթերցում

«Արագած»-ը ձգտելու է հաջորդ տարի ևս հաղթել բասկետբոլի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 2018/19 մրցաշրջանի հաղթող Երևանի «Արագած»-ն ամեն ինչ անելու է տիտղոսը հաջորդ մրցաշրջանում պահպանելու համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին փաստեց ակումբի նախագահ Դավիթ Ջոնթոյանը: «Լիգայի ամբողջ ընթացքում դժվարություններ ունեցանք «Արցախ»-ի հետ խաղում, լավ խաղ ցուցադրեց նաև «Արթիկ»-ը: Իր ունակություններով առանձնացավ նաև «Ուրարտու»-ն: Մենք ի սկզբանե աշխատանքներ էինք տանում, որ չեմպիոն դառնանք, և այդպես էլ եղավ: Հայաստանի այս տարվա առաջնությունն իսկապես ստացված էր: Մյուս տարի նույն ձևով աշխատանքներ ենք տանելու կրկին երկրի չեմպիոն դառնալու համար,-շեշտեց Ջոնթոյանը:

«Արագած»-ի նախագահի խոսքով՝ ակումբին դժվար կլինի մրցակցել եվրոպական մրցասպարեզներում, քանի որ դրա համար հսկայական գումարներ են հարկավոր: Այս տարի թիմը հանդես չի գա Եվրոգավաթում:

Ջոնթոյանի խոսքով` հաշվի առնելով Լիբանանի փորձը բասկետբոլի մասսայականացման համար առաջնության խաղերը պետք է հեռարձակվեն հեռուստատեսությամբ:

Ա լիգայի եզրափակչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվարո»- «Արագած» խաղում, «Արագածը» 97-87 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվարո»-ի նկատմամբ և հռչակվեց Ա լիգայի չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախը»:

Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին.

Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն («Արագած»)

Լավագույն պաշտպան – Դեշան Մետոքս («Ուրարտու Վիվարո»)

Լավագույն թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան («Արցախ»)

Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի («Արագած»)

Լավագույն կենտրոնական - Արման Հակոբյան («Արթիկ – Ման Հոլդինգ»)

Լավագույն մարզիչ - Վլադան Գլավինիչ («Արագած»)։

MVP-ն բաժին հասավ Ժաքորի Փեյնին «Արագած» ակումբից:

Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Ա լիգայի գավաթը հաղթող թիմին փոխանցեց «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում