1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարաղայի 1992 թ. ապրիլի ինքնապաշտպանությունը

Մարաղայի 1992 թ. ապրիլի ինքնապաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական մեծաթիվ զինված ստորաբաժանումներ, հարձակվելով Արցախի Մարտակերտի շրջանի (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) Մարաղա գյուղի վրա, իրականացրել են հայկական խաղաղ բնակչության կոտորած։ Նույն օրը երեկոյան հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ազատագրել գյուղը՝ այնտեղ գտնելով մոխրացած տներ և մի քանի տասնյակ սպանված մարդկանց խոշտանգված մարմիններ:

Մարաղան Արցախի ամենահարուստ և մեծ գյուղերից էր։ Մարաղա գյուղի արևմտյան հատվածում գտնվում էր Մարգուշևանը։  1954թ.-ից մինչ 1992թ. դեկտեմբեր՝ ի պատիվ Վ. Ի. Լենինի, գյուղերը միավորվել էին Լենինավանի խորհտնտեսության կազմում։ Ըստ 1989թ. տվյալների՝ այստեղ մոտ 5000 բնակիչ էր ապրում։ 1988-89թթ. Բաքվի և Սումգայիթի ջարդերից փրկված շատ հայ ընտանիքներ ևս հանգրվանել էին Մարաղայում և Մարգուշևանում։ Ըստ գյուղացիների վկայությունների՝ նրանք նույնիսկ նոր թաղամասեր էին հիմնել, տներ կառուցել։ Զբաղվում էին հիմնականում խաղողագործությամբ, գյուղում գործում էր խաղողի նախնական վերամշակման գործարան: Մարաղայի հարևանությամբ տեղակայված էր Ադրբեջանի ԽՍՀ  Միր Բաշիր շրջանի համանուն կենտրոնը։ Ներկայումս նախկին Լենինավանը, որն անվանափոխվել է Շըխարխ և ներառվել Ադրբեջանի Տերտեր (Թարթառ) շրջանի կազմում։ Այնտեղ տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորամաս:

Ըստ Արցախի ԱԳՆ-ի տվյալների՝ 1992 թ. ապրիլի 10-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հարձակվել են գյուղի վրա, այնտեղ մնացել էր 118 խաղաղ բնակիչ։  Ըստ հեղինակավոր Human Rights Watch / Helsinki միջազգային իրավապաշտպան կազմակերպության 1992թ. զեկույցի՝ գյուղում սպանվել է մոտ 50 մարդ, 49 մարդ պատանդ է տարվել, այդ թվում՝ 9 երեխա, 18 կին և 3 տարեց, որոնցից մեկը կույր էր։ Նրանցից ոմանց հետագայում հաջողվել է վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Մարաղայի ինքնապաշտպանությանը մասնակցած ջոկատի հրամանատարը նշում է, որ մարդիկ թաքստոցներում են եղել՝ մեծ մասամբ 17-25 հոգանոց խմբերով։ Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը գյուղն ազատագրելուց հետո հայ կամավորները հաշվել են 173 այրված տուն։

Աղբյուրը՝ Google Earth

Ադրբեջանական զորամիավորումների առաջին հարձակումը

1992թ. ապրիլին Ադրբեջանը ՊՆ-ի, ՆԳՆ և Ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) մեծաթիվ զինված ստորաբաժանումներ ու ռազմական ուժ էր կենտրոնացրել Արցախի սահմանի ողջ երկայնքով։ «Բնաջնջողական պատերազմը» իր նպատակին հասցնելու համար Ադրբեջանը մշտական հրետակոծության տակ էր պահում հայկական գյուղերը, հարձակումներ իրականացնում բնակչության դեմ, առևանգում խաղաղ բնակիչներին, նույնիսկ՝ կենդանիներին։ Այս գործողությունները միտված էին ոչ միայն ավերելու հայկական բնակավայրերը, այլև՝ հոգեբանորեն ընկճելու հայ բնակչությանը։ Մարաղացիների համար ստեղծել էին անտանելի պայմաններ. գողանում էին մարդկանց և գյուղի ֆերմաների անասունները, խոչընդոտում ավտոմեքենաներով երթևեկությանը… Հարցին, թե երբվանից էին սկսել ադրբեջանական կողմի վերոնշյալ քայլերը, այժմ արդեն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի համայնքապետ Ռոմա Կարապետյանը, որը 1992թ.-ին իր ջոկատի հետ իրականացնում էր հայրենի գյուղի ինքնապաշտպանությունը, պատասխանում է. «այն պահից, երբ մենք որոշեցինք մարդավարի ապրել»։ Արցախյան շարժման մեկնարկից ի վեր, փաստորեն, Ադրբեջանն արդեն թիրախավորել էր Մարաղան։

1992թ. փետրվարի 25-ի ողջ գիշերվա ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները Մարաղայի ուղղությամբ արկեր էին նետում։ «Շտաբում նստած էինք, ես նայում էի ժամին, րոպեում 4-6 արկ էր ընկնում գյուղի վրա»,– հիշում է հրամանատարը։ Փետրվարի 26-ի լուսադեմին Թարթառ գետի կողմից հարձակվում են գյուղի ուղղությամբ, սակայն, հանդիպելով գյուղի կամավորների դիմադրությանը, հետ են քաշվում։ Սրանից հետո հարձակումները առավել փոքրաքանակ են եղել՝ մոտ 20-30 հոգով, և որևէ արդյունք չեն տվել։

«Սկզբում օգտագործում էին «Ալազան» տեսակի զենք, հետո արդեն հրանոթներ, տանկեր։ Սա արդեն 1990 թվականն էր, ավելի ուժեղ 1991-ից է սկսվում։ Այսքանը տեսնելով՝ մենք որոշեցինք խաղողի այգու ցանկաշարից (շպալեր) բլինդաժներ (թաքստոցներ) սարքել։ Ժողովուրդը գիշեր-ցերեկ մի մարդու պես աշխատում էր։ Միայն Մարաղայի հատվածում 20 հազար շպալներ ենք բերել ու խրամատավորել։ 5 էքսկավատոր ունեինք, 3-ը Մարաղայում էր աշխատում, 2-ը՝ Մարգուշևանում։ Ժողովուրդն էլ շպալներն էր շարում, բուլդուզերներով էլ 2 մետր հող էինք լցնում»,– պատմում է Ռոմա Կարապետյանը։ Այսպես է սկսվում Մարաղայի ինքնապաշտպանությունը...

Ապրիլի 10-ի հարձակումը և խաղաղ բնակչության կոտորածը

Ադրբեջանական ՕՄՕՆ-ի և պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, այդ թվում հիմնականում «Գուրթուլուշ» և «Ազադլըխ» գումարտակները Մարաղայի վրա երկրորդ՝ ավելի խոշոր հարձակումը սկսեցին ապրիլի 10-ի լուսադեմին։ «Պաշտպանվողներս 248 հոգի էինք, որից 210-ը՝ Մարաղայից ու Մարգուշևանից, իսկ 38-ը՝ Հասանղայայի (Հայկաջուր) պաշտպանական ջոկատից, որի հրամանատարն այդ ժամանակ Պողոսյան Ժորան էր։ Մենք կարողացանք կասեցնել հարձակումը, հետ շպրտել հակառակորդին։ Նույն սցենարով, նույն ձևով 2-րդ հարձակումը եղավ ժամը 12-ին»,– պատմում է Ռոմա Կարապետյանը։ 2-րդ գործողության ժամանակ հայկական կողմից 3 կամավոր վիրավորվում է. շարունակում են պահել դիրքերը։

Արդեն ժամը 5-ին ադրբեջանցիները հարձակվում են ոչ միայն հետևակով, ինչպես նախորդ փորձերի ժամանակ էր, այլ՝ զրահատեխնիկայով, կարողանում են ճեղքել պաշտպանությունը. կամավորները 1-ին և 2-րդ դիրքերից նահանջում են։ «Իմ հաշվարկով 16 զրահատեխնիկա էր մասնակցում գործողությանը։ Դրանց մոտ կեսը տանկեր էին, մյուսը՝ ԶՓ-ներ (БТР) և այլ միջոցներ։ Տանկին տանկով են խփում, հրանոթով են խփում, որը, ցավոք սրտի, մենք չենք ունեցել։ Մենք ունեինք 5 գնդացիր, իսկ ավտոմատ գնդացրորդները չէին կարողանա կանգնել տանկի դիմաց։ Բայց, էլի եմ նշում, մենք մինչ այդ կատարված հարձակումները հեշտությամբ կասեցրել ենք։ Օգնություն էի կանչել, բայց մի փոքր ուշ հասավ»,– հիշում է հրամանատարը։

Ռոմա Կարապետյան, Մարաղայի կամավորական ջոկատի հրամատանար, ներկայումս՝ Նոր Մարաղայի համայնքապետ

Ադրբեջանական զրահատանկային ստորաբաժանման հրամանատար Նազիմ Բայրամովը հարցազրույցներից մեկում ևս նշել է, որ հարձակումն իրականացնելուց առաջ իրեն դիմել էին «Գուրթուլուշ» ջոկատի հրամանատար Շահին Թաղիևն ու «Ազադլըխ»-ի հրամանատարներ Ալյամշախ Մամեդովն ու Զաբիլ Հասանովը (մականունը՝ Շագան)։ Նա նշում է, որ համաձայն չէր ներկայացված ծրագրին, քանի որ կարծում էր, որ չեն կարող այդքան ուժերով գրավել և իրենց ձեռքում պահել գյուղը՝ հաշվի առնելով, որ հայերին օգնության կգային Չայլուից (Այգեստան)։ Բայրամովը հավելում է, որ ինքնուրույն չէր կարող որոշում կայացնել, որովհետև գործողությունների պլանը համաձայնեցվում էր ՆԳՆ շրջանային վարչության ղեկավարի հետ, իսկ գործողություն սկսելուց առաջ պետք էր ՕՄՕՆ-ի զորքերի հրամանատարի և ներքին գործերի նախարարության հրամանը, սակայն երբ լսել են, որ հայերը օղակ են ստեղծել Շագանի ու Թաղիևի ջոկատների շուրջ, ինքը ստացել է այդ ժամանակ ՕՄՕՆ-ի զորքերի հրամանատար Ռոֆշան Ջավադովի համաձայնությունը և իր ստորաբաժանման հետ «օգնության» հասել։

Ականատեսների վկայությամբ, ադրբեջանական զորամիավորումները գյուղում մնացել են 5-6 ժամ, իսկ տեխնիկան, ըստ հրամանատարի, հեռացել է 1-1,5 ժամվա ընթացքում։ Հասցված վնասը անդառնալի էր և անմարդկային։ Մարաղայի պատմությունը, սակայն, չի ավարտվում նահանջով։ Ինչպես ասում է Ռոմա Կարապետյանը՝ «մենք նահանջել ենք միայն տանկերի պատճառով, ուրիշ նահանջելու պատճառ չկար»։

Մարաղայի ազատագրման գործողությունը

Սպասված օգնությունը ժամանում է ուշացումով, սակայն աջակցում է մարաղացիներին գյուղն ազատագրելու հարցում։ Մինչ այդ նրանք դիրքավորվել էին գյուղից շուրջ 100 մետր հեռավորության վրա։ Փողոցներով քայլող խմբերի մեջ յուրաքանչյուր 10 հոգուց 1-ի ձեռքին թուր էին նկատել։ «Ես այդ ժամանակ տղերքին հրամայել էի, որ առաջին հերթին խփեն նրանց, ում ձեռքին թուր կար։ Հետո պարզվեց, որ մնացած փողոցներում էլ են նույնը տեսել տղաները»,- հիշում է հրամանատարը։

Օգնության եկողների թվում մոտ 90 մարդ կար, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանը։ Ապրիլի 10-ի երեկոյան՝ ժամը 10-ին, հավաքվում են բոլոր հրամանատարները և հստակեցնում Մարաղայի ազատագրման ծրագիրը. միաձայն որոշվում է չսպասել մինչև լուսաբաց և հակահարձակում իրականացնել հենց կեսգիշերին։ Մտավախություն և ներքին համոզմունք ունեին, որ եթե սպասեն մինչև լուսաբաց, ապա գյուղից ոչինչ չի մնա։

Ըստ ծրագրի՝ բաժանվում են 15-20 հոգուց բաղկացած խմբերի և տեղակայվում գյուղի 11 փողոցներում։ Մթության մեջ կողմնորոշվելու համար գաղտնաբառ էին նշանակել, իսկ խաչմերուկներում լուսածրող գնդակներ են արձակում։ Այսպես գյուղի վրա վերահսկողությունը կրկին իրենց ձեռքն են վերցնում՝ առանց զոհերի, իսկ ադրբեջանական կողմից 44 զինծառայողի դիակ է մնում։ Բայրամովը նշում է, որ կռիվների արդյունքում տվել են «Ազադլըխ»-ից՝ 12 սպանված, «Գուրթուլուշ»-ից՝ 7, ՕՄՕՆ-ից՝ մեկ սպանված՝ Վալեհ Մուսլումով։

Հայ կամավորների մի մասը միանգամից տեղաբաշխվում է նախկին պաշտպանական դիրքերում, իսկ մյուսները սկսում են փնտրել ողջ մնացածներին, վիրավորներին։ Գյուղի խաղաղ բնակիչների խոշտանգված մարմինները սկսում են հավաքել լուսադեմին։ «Բադալյան Էդիկի հետ թաքստոցում բնակվողների խմբին՝ մոտ 2 տասնյակ մարդու, լրիվ մորթել իրար վրա էին լցրել։ Որ նույնիսկ նայում էինք, ավտոմատով խփածի հետքեր չկային էլ համարյա. խոշտանգված էին։ Մեկի վիզն էին կտրել, մեկին մարմնի երկայնքով դանակահարել, խաչ սարքել՝ ճակատին, կրծքավանդակին։ Որտեղ պատահել էր մարմինների վրա դանակով խաչեր էին նկարել։ Հերիք չի ավտոմատով խփել սպանել են ժողովրդին, մի հատ էլ հետո դանակահարել են։ Ավելին՝ կենդանի մորթվածներ էլ կային։ Բնականաբար գյուղում զինվորներ չէին մնացել, այլ խաղաղ բնակչությունը՝ կանայք, երեխաներ, տարեցներ։ Պարզ է, որ 4-5 տարեկան երեխաները ծնողների հետ էին լինելու, ուրիշ տեղ միայնակ չէին գնալու ու սպանվածների մեջ էլ այդպես էր, մոր կողքին երեխաների դիակներն էին։ Մի փոքր երեխայի սպանել էին ու դրել մոր կրծքին, որին ևս խոշտանգումների ենթարկելով սպանել էին։ Գրեթե բոլոր դիակների վրա խաչեր կային»,- նշում է Կարապետյանը։

Ապրիլի 11-ից սկսվում է գյուղի ինքնապաշտպանության և մարդկանց գոյության պայքարի նոր փուլը...

Լուսինե Պողոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]