Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Ադրբեջանի ԱԳՆ կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի փաստերի խեղաթյուրումներ


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցելու վերաբերյալ դիսկուրսը վերստին ակտիվացել է
Ն. Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ ս.թ. մարտի 9-ի կոչ էին արել «զերծ մնալ հայտարարություններից կամ գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, [առանց ամբողջական պատկերն ունենալու] նախնական դատողություններ են անում ապագա բանակցությունների արդյունքի վերաբերյալ կամ դնում են նախապայմաններ, առանց մյուս կողմի հետ համաձայնեցնելու պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

Ս.թ. մարտի 19-ին Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ
ՀՀ վարչապետը հստակեցրել էր, որ Արցախի ներկայացուցիչների մասնակցելու անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխության,  այլ վերականգնման առաջարկ է:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը ՀՀ վարչապետի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն է հրապարակել, որտեղ առկա են հետևյալ խեղաթյուրումները և անհիմն պնդումները.

  1. Խնդրո առարկա մամուլի հաղորդագրությունում խեղաթյուրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը: «Առանց մյուս կողմի հետ համաձայնեցնելու ձևաչափի միակողմանի փոփոխություն պահանջելուց» զերծ մնալու վերաբերյալ համանախագահների հայտարարությունը ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «բանակցային գործընթացի ձևաչափը ենթակա չէ փոփոխության»՝ փաստորեն անելով կատեգորիկ պնդում և համանախագահների հայտարարության օգտագործելով սեփական ոչ կառուցողական դիրքորոշումը ներկայացնելու համար: Փաստորեն, սրանով փորձ է արվում ՀՀ վարչապետի հայտարարությունը ներկայացնել որպես ձևաչափի փոփոխության միակողմանի պահանջ՝ չնայած ՀՀ վարչապետը հստակեցրել է, որ դա առաջարկ է:
  2. Խնդրո առարկա մամուլի հաղորդագրությունում հղում անելով 1994թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրին՝ պնդում է կատարվում, թե դրանից հետևում է, որ հակամարտության կողմեր են Հայաստանը և Ադրբեջանը: Հաղորդագրությունում նաև նշվում է, թե համաձայնագիրը որպես «շահագրգիռ կողմեր» հաստատել են «ԼՂ ադրբեջանական և հայկական համայնքները»: Իրականում, հրադադարի համաձայնագիրը ստորագրել են հակամարտությունում զինված ուժեր ունեցող կողմերը՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարը: Մինչև հրադադարի համաձայնագիրը 1994թ. մայիսի 5-ին ստորագրվել էր Բիշքեկի արձանագրությունը, որը հրադադարի համաձայնագիր կնքելու կոչ էր: Նշված արձանագրությունը, ի տարբերություն հրադադարի համաձայնագրի, ստորագրել էին երկրների խորհրդարանների ներկայացուցիչները, այդ թվում՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանը: Ադրբեջանական կողմը նշված արձանագրությունը ստորագրել է մայիսի 8-ին՝ իր օրինակի վրա ավելացնելով նաև «Շուշիի գործադիր կոմիտեի ղեկավար» Նիզամի Բահմանովը, որին էլ ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար»: Հարկ է նշել, որ Բիշքեկի արձանագրությունը և հրադադարի համաձայնագիրը տարբեր փաստաթղթեր են, և հրադադարի համաձայնագրի տակ չկա ու չէր կարող լինել նշված «կառույցի» ներկայացուցչի ստորագրությունը: Հարկ է ավելացնել, որ հուլիսի 26-27-ին ստորագրված հրադադարի հաստատման համաձայնագիրը ևս եռակողմ է, այդ թվում այն ստորագրել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը: Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք, հրադադարի և հրադադարի հաստատման մասին համաձայնագրերը եռակողմ են:

 

Հրադադարի փաստաթղթերի և խաղաղ բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցներից ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը ևս քանիցս անդրադարձել է այն հանգամանքին, որ հրադադարի համաձայնագրի ստորագրմանը «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներգրավումը անտրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով այն հիմնավորումը, որ վերոնշյալ կառույցը հակամարտության առանձին կողմ չէ և չունի սեփական զինուժը՝ չնայած հանդիսանում է «շահագրգիռ կողմ»: Այսպիսով պարզ է դառնում, որ ներկայումս Ադրբեջանում որպես հասարակական կազմակերպություն գրանցված վերոնշյալ  «կառույցը» առանձին բանակցային կողմ չէ և ամբողջովին ներկայացված է ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացում հանձին Ադրբեջանի:

Հատկանշական է, որ Վլադիմիր Կազիմիրովը ս.թ. փետրվարին տված հարցազրույցում նշել է, որ եթե անգամ Ադրբեջանը չճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես առանձին պետություն, պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտող կողմ է և ուստի նաև կարգավորման բանակցությունների կողմ՝ հավելելով, որ բանակցությունների եռակողմ ձևաչափը պահպանվել է մինչև 1997թ. ներառյալ:

Ադրբեջանական կողմի խեղաթյուրումներն ու անհիմն պնդումները չեն սահմանափակվում վերոշարադրվածով, սակայն սա էլ բավարար է նշելու համար, որ սույն դիսկուրսում ապակառուցողական կողմ է հանդես գալիս Ադրբեջանը, և դա նաև հստակ կերպով դրսևորվում է Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանությամբ, ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով:

Տարոն Հովհաննիսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ