Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքարի հարցում 90 տոկոսանոց արդյունք ունի

Երևանի քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ պայքարի հարցում 90 
տոկոսանոց արդյունք ունի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետևողական պայքարը փողոցային առևտրի դեմ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին` չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի:

«Այս պահի դրությամբ մենք ունենք գրեթե 90 տոկոսանոց արդյունք: Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության և,  առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցային առևտուր իրականացնելուց»,-նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը:

Երևանում այսօր գործում է գյուղմթերքի 24 շուկա, որտեղ կա 1540 ազատ տեղ: Նախորդ դարի կեսերին կառուցված Կոմիտասի շուկայի անսովոր արձագանքող լռությունն ու  տաղավարների փոշին պատմում է կոլորիտային այս վայրի ներկայի մասին: Տնօրենի հետ պայմանավորվածությամբ՝ առաջին երկու ամիսը տաղավարները քաղաքացիները կարող են վարձակալել անվճար:

Մանրածախ, նաև մեծածախ վաճառքի հարմարավետ պայմաններ է ապահոված նաև Էրեբունիում՝ անմիջապես Կայարանի հարևանությամբ: Աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանում նոր փոքր շուկա հիմնելու համար:

Նոր Նորքում բացօթյա առևտրի հիմնական հասցեն Սաֆարյան փողոցն էր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տանող հիմնական ճանապարհն ամեն օր խցանված էր, մայթերը՝ ծանրաբեռնված սննդով՝ չնայած կողք կողքի գործում են և՛ բացօթյա, և՛ փակ շուկաները:

Չնայած վարչական շրջանում առևտրի համար առկա պայմաններին և արտոնություններին՝ մի շարք քաղաքացիներ շարունակում են բողոքել՝ պահանջելով, օրինակ,  քանդել նախկին շուկայի տարածքում կառուցված առևտրի կենտրոնը: Սա այն դեպքում, երբ ներկայիս շուկան՝ գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ առևտրի հնարավորություններով հանդերձ, տեղակայված է հենց կենտրոնի տարածքում:

 

Ավելի վաղ քաղաքացիներից մի քանիսը, ընդգծելով վարկային բեռն ու ընտանիք պահելու հոգսի հանգամանքը, փողոցային առևտուրը վերացնելու պահանջին դեմ արտահայտվեցին՝ փակելով ճանապարհը սեփական, այդ թվում արտասահմանյան արտադրության թանկարժեք մեքենաներով:   

Փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ, սակայն, հրաժարվում են շուկաներ տեղափոխվել: Դժգոհում են, բողոքում՝ պահանջելով թույլատրել անօրինական առևտուրը կամ հատուկ իրենց համար տեղեր հատկացնել: Քաղաքապետարանը պատրաստ է քննարկել և հատկացնել առանձին տեղեր, բայց ոչ օրենքին հակասող:

Փողոցային առևտուրը եկեղեցու բակում, մեկ այլ դեպքում՝ Մաշտոցի պողոտայում՝ մշակութային շենքի տարածքում կամ էլ անմիջապես կանգառի մոտ. առևտրականների առաջարկներն են:

Քաղաքացիների մի մասի համար փողոցում առևտուրը լուծում է օրվա հացի խնդիր, ոմանց համար, սակայն, հարկային դաշտից խուսափելու և բիզնեսն ընդլայնելու հնարավորություն է:

Առևտրականների հետ քննարկումները կշարունակվեն այնքան, մինչև խնդիրը վերջնական լուծում ստանա: Իսկ մինչ այդ փողոցային առևտուրն արգելելու նպատակով քաղաքապետարանը ոստիկանության հետ սահմանել է նաև երեկոյան հերթապահություն:

«Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր»,- նշել է Հովիկ Սաֆարյանը:

Փողոցային անօրինակ առևտուրը վերացնելը ոչ միայն օրենքի, այլև քաղացիների պահանջն է՝ ունենալ մաքուր փողոցներ և առողջարար սննդամթերք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]