Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթաց. արդյոք կա՞ մտահոգության առիթ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթաց. արդյոք կա՞ մտահոգության առիթ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրած երկրների թիվն օրերս ավելացավ ևս մեկով. հունվարի 18-ին Մեծ Բրիտանիան համաձայնագրի վավերացման մասին ծանուցեց Եվրոպական խորհրդին, որով և պաշտոնապես հաստատվեց Բրիտանիայի կողմից համաձայնագրի վավերացումը: Այս նորությունը հանրային և քաղաքական շրջանակներում կրկին ակտիվացրեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վավերացման գործընթացի տեմպերի վերաբերյալ քննարկումները: Իրականում, վավերացման գործընթացի «դանդաղ ընթացքի», ոչ բավարար ջանքեր գործադրելու վերաբերյալ թեզերը քաղաքական շահարկումներ են. արդյունքում անտեսվում են մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք չէին կարող չանդրադառնալ գործընթացի վրա:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վավերացման ընթացքի վրա որոշակիորեն անդրադարձած գործոններից են 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք, անշուշտ, հայկական կողմի օրակարգում առաջնային դարձրեցին ներքաղաքական հարցերն ու խնդիրները: Միևնույն ժամանակ, այս ընթացքում եվրոպական կողմի մոտ կար սպասողական վիճակ՝ հասկանալու, թե արդյոք հայկական կողմը հանձնառու է իր ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի իրականացմանը: Այս ամենն, իհարկե, չէր կարող իր ազդեցությունը չունենալ վավերացման գործընթացի վրա: Սակայն, հատկանշական է, որ եվրոպական գործընկերների հետ բարձրաստիճան շփումների ժամանակ հայկական կողմից արդեն իսկ բազմիցս հնչել է, որ հայկական կողմը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը ԵՄ հետ, ինչպես նաև կյանքի կոչել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը: Այդ հանձնառության վառ դրսևորումը ՀՀ կողմից մշակված ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզն է, որն արդեն իսկ փոխանցվել է եվրոպական կողմին:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացում իրենց ոչ պակաս ազդեցությունն ունեն նաև եվրոպական օրակարգում առկա խնդիրները: Այսօր ԵՄ ներսում տեղի են ունենում այնպիսի զարգացումներ (Բրեքսիթի գործընթաց, Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցեր, մայիսին սպասվող Եվրախորհրդարանի ընտրություններ և այլն), որոնք գտնվում են ոչ միայն Բրյուսելի, այլ նաև ԵՄ բոլոր անդամների ուշադրության կենտրոնում: Արդյունքում՝ օրակարգի մյուս հարցերը (այդ թվում՝ ՀՀ հետ համաձայնագրի վավերացումը) մղվել են երկրորդ պլան:

Վերոնշյալ գործոններն, իհարկե, չէին կարող ընդհանրապես չանդրադառնալ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վարերացման գործընթացի վրա, սակայն միանշանակ է, որ այն ընթանում է բնականոն հունով, և այս համատեքստում ո՛չ հայկական, ո՛չ եվրոպական կողմը որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծում:

Համեմատության համար նշենք նաև, որ օրինակ, Վրաստանի և Մոլդովայի պարագայում Ասոցացման համաձայնագրերի վավերացումը տևել է ավելի քան 2 տարի, իսկ Ուկրաինայի դեպքում՝ 3,5 տարի: Եվ սա այն երկրների պարագայում, որոնք եվրաինտեգրումը հայտարարել են իրենց թիվ մեկ գերակայություն, մինչդեռ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 1 տարի երկու ամիս, և այն արդեն վավերացվել է ԵՄ անդամ 9 երկրի կողմից:

Հատկանշական է, որ համաձայնագրի վավերացման գործընթացի բնականոն ընթացքի մասին օրերս հայտարարել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Մեր տեսանկյունից համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով: Մինչ այժմ ԵՄ անդամ-պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել: Այսպիսով, մենք կարծում ենք, որ վավերացումն ընթանում է նորմալ տեմպով»: Նրա խոսքով՝  ԵՄ որևէ անդամ-պետության կողմից չկա որևէ քաղաքական ազդակ, որը կարող է մատնանշել այս գործընթացում հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին: 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացում որևէ խնդրահարույց հարց չկա, և թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ ԵՄ անդամ երկրները պատրաստակամ են առաջ մղել գործընթացը և այն հասցնել իր ավարտին: 2018թ-ի հունիսի 1-ից համաձայնագիրն արդեն իսկ մտել է ժամանակավոր կիրարկման փուլ, ՀՀ կողմից պատրաստվել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, և դրա վերջնականացման գործընթացը ներկայումս շարունակվում է ԵՄ կողմից առաջարկված ժամանակացույցի համապատասխան:

Միևնույն ժամանակ, իհարկե, ցանկալի է, որ ՀՀ իշխանությունները շարունակեն աշխատանքը եվրոպական գործընկերների հետ՝ նրանց օրակարգերում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցն առաջ մղելու ուղղությամբ: Այս առումով որոշակի դերակատարում պետք է ունենան թե՛ ԵՄ անդամ-երկրներում ՀՀ դեսպանները, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ձևաչափերում ներգրավված ԱԺ պատգամավորները, թե՛ անգամ Սփյուռքի հայկական կառույցները:

 

Գրետա Ավետիսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am