1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ու Սինգապուրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

Հայաստանն ու Սինգապուրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր 
ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար:

Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գործարարների միջև փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի և վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` հաշվի առնելով նաև մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները: Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը և նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ և ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը:

Այս համատեքստում, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները նշված ոլորտներում համագործակցության ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես և կարևորել սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության, բնապահպանության և ավիացիոն ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]