Հասարակական

Գեղամ Գևորգյանը Բեռլինում մասնակցել է Գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին

3 րոպեի ընթերցում

Գեղամ Գևորգյանը Բեռլինում մասնակցել է Գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին և «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղատնտեսության նախարարների համաժողովին, որն անց էր կացվում ԳԴՀ գյուղատնտեսության նախարար Ջուլիա Քլոքների նախագահությամբ, մասնակցել են մոտ 70 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին և մարտահրավերներին, ապագա գյուղատնտեսության կարևոր բաղադրիչ հանդիսացող թվային տեխնոլոգիաներին, տարբեր երկրներում մեծածավալ տվյալների (big data) կիրառության լավագույն պրակտիկային, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում նոր տեխնոլոգիաների կիրառմանը:

Համաժողովի արդյունքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե և կոչ է արվել մասնակիցներին ազգային մակարդակներում իրականացնել դրանում առաջարկված գործողությունները:

Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանն ունեցել է մի շարք հանդիպումներ, այդ թվում` Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի, ՉԺՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարի տեղակալ Քյու Դոնգյուի, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի և ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, գլխավոր տնօրեն Վլադիմիր Ռախմանինի հետ:

Կայացել են նաև հանդիպումներ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և Նիդերլանդների Թագավորության կաթնարդյունաբերության բնագավառի գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում