Հասարակական

Հայկական կոնյակը վայելել ծիրանով. Ալեքսիս Օհանյանը պատմել է իր նախաձեռնած ծրագրի մասին

2 րոպեի ընթերցում

Հայկական կոնյակը վայելել ծիրանով. Ալեքսիս Օհանյանը պատմել է իր նախաձեռնած ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Forbes-ին պատմել է «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն իրականացնելու նախագծի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցազրույցում Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ ցանկանում է հայկական կոնյակը դուրս բերել ամերիկյան շուկա:

Ալեքսիս Օհանյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է: Նրա առաջին այցելությունը Հայրենիք եղել է 2010 թվականին, այցելության ընթացքում նա ծանոթացել է հայկական կոնյակի արտադրությանը:

«Հայկական կոնյակը հայերի համար շատ ավելին է, քան պարզապես խմիչքը: Նրանք հպարտանում են հայկական կոնյակով, բայց Հայաստանից դուրս, նույնիսկ հայ համայնքների շրջանակում ոչ բոլորը իրապես գիտեն այդ մասին: Այն լեգենդար է»,-ասել է Ալեքսիս Օհանյանը:

Ալեքսիս Օհանյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան կատարած իր հաջորդ այցելության մասին: Նա նշել է, որ չնայած կարճ ժամանակով էր այցելել, սակայն շատ էր տպավորվել: Ալեքսիսը պատմել է, որ Հայաստան են ժամանել մինչև արևածագը: Հայկական հողի վրա կարողացել են վայելել այն, որից հետո շրջել են Երևանով, այցելել են տարբեր վայրեր, որտեղ հնարավորություն են ունեցել իրականացնել խմիչքների համտեսում: Ալեքսիս Օհանյանը պատմել է, թե ինչպես է խմում «Շախմատ» կոնյակը:

«Ես այն խմում եմ նրբորեն: Եթե ունենում եմ հայկական ծիրան, այն երկու մասի եմ բաժանում, դուրս եմ հանում միջուկը և օգտագործում կեղևը որպես բաժակ՝ վայելելու խմիչքը»,-նշել է Ալեքսիս Օհանյանը:

Շարունակելով հայաստանյան իր վերջին այցը ներկայացնելը՝ նա նշել է, որ տպավորված է ՀՀ վարչապետի հետ հանդիպումից:

«Շատ ոգեշնչող հանդիպում էր: Դուք կարող եք երկրում տեսնել լավատեսություն, որը կապված է նրա աշխատանքի հետ, ինչը նա շարունակելու է Հայաստանը զարգացնելու, կոռուպցիան նվազեցնելու համար»,-ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում