Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ալերգիա» հայկական անուններից. Բագրատ Էստուկյանն անդրադարձել է Ստամբուլում հայկական անվամբ փողոցի անվանափոխությանը

 «Ալերգիա» հայկական անուններից. Բագրատ Էստուկյանն անդրադարձել է 
Ստամբուլում հայկական անվամբ փողոցի անվանափոխությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայ համայնքի համար շարունակում են  օրակարգային հարցեր մնալ Հայոց պատրիարքի, ինչպես նաև համայնքային հաստատությունների վարչությունների ընտրությունները: Այս և այլ հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

-Պարոն Էստուկյան, 2019 թվականին Թուրքիայի հայ համայնքի համար ինչ օրակարգային հարցեր կան ծառացած:

-Վերջին 10 տարիներին շատ հստակ օրակարգային հարց կա, այն է՝ պատրիարքի ընտրությունը: Գիտեք, որ երկար ժամանակ է Հայոց պատրիարք տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիվանդ է, գիտակցությունը կորցրել է և չի կարող պաշտոնով պայմանավորված իր պարտականությունը կատարել: Հետևաբար` պատրիարքական աթոռը թափուր է: Փոխանորդ նշանակվել է, սակայն նա ընտրված չէ: Հետևաբար, չենք կարող իրենից ակնկալել պատրիարքի պարտականություններ: Սա մեզ համար կարևոր խնդիր է:

Սրանից բացի, խնդիր կա՝ կապված համայնքային հաստատությունների վարչությունների ընտրությունների հետ: Տևական ժամանակ է, այդ ընտրությունները չեն կայանում: Մեզ մոտ ունենք ավելի քան 35 հաստատություն, որոնց վարչություններն ընտրվում են ժողովրդի ձայնով: Պետությունն արգելք է դառնում մեզ համար, պատճառաբանում է նոր կանոնագրի ձևավորումը, որը մինչ այսօր արված չէ, հետևաբար ստիպված սպասում ենք այդ նոր կանոնագրին: Ի դեպ, այս խնդիրը միայն մերը չէ, դրա հետ առնչվում են նաև հույները, հրեաները: Իրենք էլ մեզ նման դեռ զրկված են այդ իրավունքից:

Այս ընտրությունների կայացումը մեզ համար կարևոր է, որովհետև դրանց չկայանալը  համայնքում միասնականության բացակայության պատճառ է դարձել: Համայնքում բևեռացում կա, ինչը մեր բոլոր աշխատանքները  դժվարացնում է, այս բոլորը առաջնորդի պակասից են ծագում:

-Իսկ նախադրյալներ կա՞ն, որ առաջընթաց կլինի այդ երկու հարցերի հետ կապված:

- Շատ հստակ նախադրյալներ, ակնկալիքներ չկան, որովհետև հստակ պահանջատիրություն չկա իշխանավորների կողմից: Իշխանավոր ասելով՝ նկատի ունեմ պատրիարքարանի եկեղեցին, մի շարք կարևոր հաստատությունների ներկայացուցիչների: Հայտարարությունների ժամանակ նշում են, որ իրենք էլ ցանկանում են պատրիարքի ընտրություններ, սակայն քայլերի չեն դիմում:

-Ասացեք խնդրեմ, Թուրքիայում հայկական կրթական հաստատությունները պահելու հետ կապված ի՞նչ անելիքներ կան ընթացիկ տարում: Ինչի՞ աջակցության կամ ինչի՞ պակասի կարիք ունեն հայկական դպրոցները:

-Այդ խնդիրներն ավանդաբար իրենց լուծումը գտնում են: Պետք է խոստովանել, որոշ հետընթաց կա հայախոսության, հայկական վարժարան հաճախելու առումով: Տարբեր տարիքային աշակերտների թիվն է նվազել: Ամեն դեպքում հայկական կրթական հաստատությունների ուսումնական գործընթացը կազմակերպվում է, բնականոն հունով աշխատանքները շարունակվում են: Ինչ վերաբերում է նոր գրականության, ուսուցիչների վերապատրաստման հարցերին, ապա այդ առումով միշտ անելիք կա: Դպրոցներն իրենց ուսուցիչներին վերապատրաստելու համար տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս:    

-Պարոն Էստուկյան, մոտենում է Հրանտ Դինքի սպանության տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ կան նախատեսված:

- Մենք ավանդաբար այս տարիների ընթացքում այդ օրը ոչ մի միջոցառման նախաձեռնող չենք եղել: Մեզնից անկախ տարբեր կազմակերպություններ միջոցառումներով են հանդես գալիս, որոնց մենք էլ մեր մասնակցությունն ենք ունենում: Մենք երբեք կազմակերպիչ չենք եղել: Այս տարի հիմնական զանգվածային հիշատակի միջոցառում կլինի «Ակոս»-ի նախկին խմբագրատան շենքի առջև: Ներկա կլինեն հազարավոր մարդիկ և այդտեղ այդ օրը խորհրդանշող պատգամ կփոխանցվի: Հիշատակի միջոցառումներ կլինեն նաև Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Ուզում եմ ասել, որ սպանությունից քանի տարի անց մենք ունենք հետևյալը՝ պետությունն իր գործած ոճիրների համար հաշիվ չի տալիս, քողարկում է: Հրանտ Դինքի սպանության ոճիրն էլ բացառություն չի կազմում:

-Պարոն Էստուկյան, մենք այս օրերին տեսնում ենք, թե հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն ինչպես է հետապնդումների ենթարկվում: Սա, ըստ ձեզ, ինչի՞ կարող է հանգեցնել:

-Կարո Փայլանի անդամակցած կուսակցության ղեկավարը բանտում է, նրանից բացի, այլ գործիչներ ևս բանտում են: Հետևաբար` չեմ բացառում, որ այս համատեքստում Կարո Փայլանի համար ևս սպառնալիք լինի: Հիմա փորձ է արվում նրան անձեռնմխելիությունից զրկել: Կարոյի ելույթներն իշխանություններին մտահոգում են, նրա ելույթների հետ հաշտվելն իրենց համար երկրին ուղղված վտանգի սպառնալիքին հավասար է: Կարոն նույնպես Հրանտի նման Հայոց ցեղասպանության հարցն է բարձրացնում:

-Մի հարց էլ Ստամբուլում հայկական անունով փողոցի անվանափոխության մասին: Տեղեկատվություն եղավ, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում Տատյան փողոցը թուրքական անվամբ փոխարինելու որոշում կա: Այս քայլն, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Այն աննշան փողոց է, որը հայկական եկեղեցու և դպրոցի միջև է գտնվում: Փողոցի հայկական անունը շատ տեղին էր դրված և համարժեք էր, որովհետև Տատյանը դպրոցի հիմնադիրն էր: Տեղական մարմինը որոշեց անվանափոխություն անել: Ես կարող եմ ասել, որ Թուրքիայի հիմնական քաղաքական միտքը հիմնված է հայատյացության վրա: Որոշ շրջանակներ միգուցե ձերբազատվում են այդ ըմբռնումից, սակայն իշխող ընդհանուր գաղափարախոսությունը հիմնված է դրա վրա: Հետևաբար` փողոցի անվանումը փոխելը պատահական չէ, մենք իրավիճակը ներկայացրեցինք այսպես՝ «ալերգիա» հայկական անունից:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]