Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Եվրախորհրդարանն ընդունած բանաձևում սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին  


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի հունվարի 17-ի նիստում Ադրբեջանի իշխանություններն,  այդ երկրում առկա մարդու իրավունքների իրավիճակի քննարկման համատեքստում սուր քննադատության են ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Եվրախորհրդարանի նիստի ժամանակ տարբեր երկրներից մոտ երկու տասնյակ խորհրդարանականներ անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներին և, մասնավորապես, քաղբանտարկյալ ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի գործին:

Խորհրդարանականները գրեթե միաձայն նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ կոպիտ ձևով խախտում են ստանձնած պարտավորությունները և մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքները:

Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատության են ենթարկել նաև ադրբեջանական լոբբիով զբաղվող եվրոպական գործիչներին, որոնք Ադրբեջանի իշխանություններից ստացվող գումարների դիմաց աչք են փակում այդ երկրում  տեղի ունեցող աղաղակող խախտումների վրա և տարբեր կեղծ մեթոդներով փորձում արժևորել Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի համար բնական գազի աղբյուր հանդիսացող երկրի, դերը:

Խորհրդարանականները նշել են, որ ի դեմս Պեդրո Ագրամունտի, այն բոլոր եվրոպական գործիչները, ովքեր գումարի դիմաց փորձել են պաշտպանել Ադրբեջանի իշխող կոռումպացված ռեժիմին, պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն:

«Պետք է վերջ դնել պաշտոնյաների կամայականություններին, պատժամիջոցներ կիրառել այդ երկրի առաջին դեմքի և մյուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար»,- գրեթե միաձայն ասվել է պատգամավորների ելույթներում:

Առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը նշել է, որ Բրյուսելը ակտիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ, և իրենք պահանջում են անհապաղ ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին:

«Բլոգերի դեմ հարուցված նոր քրեական գործը հակասում է Եվրամիության և Ադրբեջանի հարաբերություններին: Ադրբեջանի հետ մեր բանակցությունները շարունակվում են, և նոր համաձայնագիրն անպայման պարունակելու է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և օրինապահ պետության վերաբերյալ կետեր: Այդ դրույթների մշակման ընթացքում մենք ակտիվորեն համագործակցելու ենք Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ և փետրվարի 5-ին Բաքվում շարունակելու ենք մեր քննարկումները»,-նշել է Մալստրոմը:

 Եվրոպական հանձնակատարը հավելել է նաև, որ Բաքվում Եվրամիության գրասենյակը մշտադիտարկման տակ է պահում ինչպես Մեհման Հուսեյնովի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների հետ կապված հարցերը:

 Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից հետո ընդունվել է բանաձև, որում պաշտոնական Բաքուն մարդու իրավունքների խախտման համար ենթարկվել է սուր քննադատության:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ