Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը հնգամյա ծրագրով նախատեսել է տնկել մինչև կես մլն ծառ

Երևանի քաղաքապետարանը հնգամյա ծրագրով նախատեսել է տնկել մինչև կես մլն 
ծառ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի կանաչ զանգվածը կազմում է 6 հազար 758.5 հա, որից 863-ն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ են, այդ թվում՝ զբոսայգիներ, պուրակներ, ծաղկանոցներ և այլն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշեց, որ մայրաքաղաքում կանաչապատման տեսանկյունից ունենք շատ ցածր ցուցանիշ:

«Մեկ շնչի բաժին է ընկնում 7.8 քմ կանաչ տարածք, ինչը միջազգային ընդունված նորմատիվների մոտավոր կեսն է: Այս մասով մեր աշխատանքները շատ էական են և կարևոր: Հնգամյա ծրագրով նախատեսված է մինչև կես մլն ծառ տնկել, որից 30 հազար ծառեր, թփեր նախատեսված է տնկել 2019-ին: Մենք դեկորատիվ ծառերը փոխում ենք բարձրարժեք ծաղկատեսակներով,  և գերակշռող մասը բաժին է ընկնելու ծաղկող ծառերին, թփերին: Մենք ուզում ենք, որ քաղաքի դիմագիծը փոխվի»,-ասաց Խաչիկ Հակոբյանը:

Քաղաքապետարանն ընթացիկ տարում ներդնելու է պլանավորված էտի ծրագիր: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ էտն իրականացվելու է ըստ փողոցների, ըստ ծառատեսակների տրամաբանության: Այս տարի էտված ծառերի ճյուղերը ոչ թե բեռնատարներով տեղափոխվելու են, այլ տեղերում լինելու են ճյուղերի աղացներ, որտեղ աղալու գործընթացն ավարտելուց հետո, թեփերը պարկերով կտեղափոխվեն:

Կզարգացվեն սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները: Ներկայում առկա է 20 հա տնկարանային տնտեսություն, 6 հազար քմ ջերմոցային տնտեսություն: Խաչիկ Հակոբյանը նշեց, որ էական է բարձրարժեք բուսատեսակներ ձևավորել կարողանալը, որովհետև դրանց ինքնարժեքը կլինի ավելի մատչելի:  Այստեղ են տեղափոխվելու նաև Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրաբերված 2800 արծաթափայլ եղևնիները: Այդ տնկիները շատ փոքր են և նպատակահարմար չեն Երևանում այդ տեսքով տնկելու համար, հետևաբար կտեղափոխվեն տնկարանային տնտեսություն, որտեղ կխնամվեն: Մեկ, երկու տարվա ընթացքում համապատասխան չափի հասնելու դեպքում կտնկվեն մայրաքաղաքի համապատասխան հատվածներ:

Ընթացիկ տարում նախատեսվում է կանաչապատել և ձևավորել Հյուսիս-Հարավ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ հատվածին հարող շուրջ 3.2 հա տարածքը: Այն կծառապատվի:

«Ազատության հրապարակում սրճարաններից ազատվող շուրջ 1 հա տարածքում նախատեսված է ծերացած դեկորատիվ և տեսքը կորցրած ծառերը փոխարինել մշտադալար տնկիներով, եղևնիներով, գիհիներով, ծաղկող թփերով: Նոր կանաչապատ գոտի է վերակենդանանալու: Աշխատանքները մեկնարկած են, հենց մակերեսն ազատվեց, անմիջապես հաջորդելու է կանաչապատումը»,-ասաց նա:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան կարևորեց Երևանի կանաչ տարածքի վերականգնումը:

«Արդեն 20 տարի է մասնագետները խոսում են այն մասին, որ կանաչ տարածքը զավթվում է: Այն շատ արագ ընթացավ քաղաքի կենտրոնում, մեկը մյուսին մոտ բարձրահարկ շենքեր կառուցվեցին: Կենտրոնը չի շնչում, ստվերը պակասել է, օդի մաքրությունն է խնդիր դառնում, ջերմությունն ավելի է բարձրանում»,-ասաց նա: Մասնագետի խոսքով՝ կանաչապատումը պետք է լինի եռաշերտ՝ ծառը, թուփը, խոտային ծածկը: Ըստ նրա՝ այդ ժամանակ վիճակը բարենպաստ կլինի բնակչության համար: Գոհար Օգանեզովան ընդգծեց, որ հիմա հնարավորություն կա կանաչ տարածքը բարելավելու ավելի շատ քաղաքի ծայրամասերում, քան կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]