Հայաստան մատակարարվող գազի գինը հունվարի 1-ից կկազմի 165 դոլար 1000 խմ-ի համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում դեկտեմբերի 31-ին կայացել է ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության կայքը, «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կկազմի 1000 խմ-ը 165 ԱՄՆ դոլար:
Ներկայումս այդ սակագինը կազմում է 1000 խմ-ը 150 ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:
«Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և ըստ էության կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը Գազպրոմ ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից Գազպրոմ Արմենիային մատակարարվող գազը, մյուս օղակը` Գազպրոմ Արմենիայից դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության ստացվել է այնպես, որ Գազպրոմ Արմենիան և Գազպրոմ ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասել է Փաշինյանը: