Հասարակական

Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերն օտարվել են բնակավայրերի հողերի կատեգորիա տեղափոխվելու արդյունքում. դատախազությունը նյութեր կնախապատրաստի

2 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերն օտարվել են բնակավայրերի հողերի կատեգորիա տեղափոխվելու արդյունքում. դատախազությունը նյութեր կնախապատրաստի

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինչպես արդեն տեղեկացրել է, ՀՀ գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտար՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Հետագայում նշված հողամասերը աճուրդային եղանակով օտարվել են մի շարք քաղաքացիների:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀգլխավոր դատախազությունից, պարզվել է, որ փոխադրված հողերը ոչ միայն հանդիսացել են անտառային ֆոնդի հողեր, այլև արբանյակային լուսանկարների համաձայն՝ եղել են միատարր անտառածածկ տարածքներ: Մինչդեռ, հողերի փոխադրման գործընթացում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով, որ անտառային ֆոնդի հողերը չեն կարող ընդգրկվել խառը կառուցապատման հողերի կատեգորիայում, փոխել են դրանց նպատակային նշանակությունը և որպես խառը կառուցապատման հողեր, հանձնել համայնքին, ինչն էլ հնարավոր է դարձրել դրանց հետագա օտարումը:

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր խախտումները պարզելու, նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու, պատճառված վնասի առկայությունը և դրա չափը պարզելու, վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ստացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում