Քաղաքականություն

Հայաստանում առկա կենսաբանական լաբորատորիաներում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում առկա կենսաբանական լաբորատորիաներում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթի են, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քննարկումների մի մասն է կազմում: Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են և ունեն քաղաքացիական բնույթ: Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող Հայաստանի պարագայում»,- ասաց Նաղդալյանը:

Դեկտեմբերի 18-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: «Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել էր Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում