Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհների հավաքները կշարունակվեն Սուրբ Աննա եկեղեցու բակում

2 րոպեի ընթերցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհների հավաքները կշարունակվեն Սուրբ Աննա եկեղեցու բակում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաղրամյան պողոտայում հունիսի 17-ին տեղի ունեցավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքին հայտարարեց, որ այն նպատակ ուներ աջակցել 

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությանը, ըստ որի՝ պիտի գումարվեր արտահերթ նիստ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագծի քննարկման օրակարգով։ 

Շարժման առաջնորդի խոսքով՝ կանխատեսելի էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն ներկայանա նիստին, որն, ինչպես հայտնի է, քվորում չապահովելու պատճառով չի կայացել։ 

Անդրադառնալով առաջիկա անելիքներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ շարունակելու են շարժումը՝ ընդլայնելով իրենց գործունեության գործիքակազմն ու մեթոդները։

Ըստ այդմ՝ նախատեսվում է շարժման համախոհների հավաքներ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ, ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, կփոխանցվի տեղեկատվություն, կլինեն գաղափարական զրույցներ՝ ցույց տալու շարժման ընթացքը։

«Մեզ համար նահանջ գոյություն չունի, ժողովուրդ։ Երբեք մտքներովդ չանցնի, որ սա նահանջի փուլ է։ Այս փուլը վերակազմակերպվելու փուլ է, ավելի մեծ դարձնելու փուլ է, համաժողովրդական փուլ է։ Վստահեցնում եմ ձեզ, մենք հասնելու ենք հաղթանակի»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա կարծիքով` շարժումն ավելի թիրախային բնույթ է կրելու և պիտի ծավալվի ամբողջ Հայաստանում։

Առաջիկա շաբաթ օրը նախատեսվում է հանդիպում շարժման երտասարդական ակտիվի հետ։ Բացի այդ՝ շարժման առաջնորդը նախատեսում է փոքրաթիվ համախոհների հետ այցելել հանրապետության մարզեր՝ մասնավորապես այն վայրեր, ուր հոգևոր ծառայություն է մատուցել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում