ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 100-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.
«2018 թվականի դեկտեմբերի 18-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունը դառնում է 100 տարեկան:
Ուրախ եմ, որ առիթ ունեմ շնորհավորելու «Արմենպրեսին» մեկդարյա հոբելյանի կապակցությամբ: Սա այն լրատվականն է, որի աշխատակազմը մշտապես աչքի է ընկել իր բացառիկ պրոֆեսիոնալիզմով, հետաքրքիր լրատվական նախագծերով, անաչառությամբ և օպերատիվությամբ: Ուրախ եմ նաև արձանագրել, որ «Արմենպրեսը», հաջողությամբ համագործակցելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, լուսաբանում է մարզաշխարհում կատարվող արժանահիշատակ իրադարձությունները և երիտասարդական քաղաքականության ոլորտում իրագործվող ծրագրերը: Լիահույս եմ, որ «Արմենպրես»-ը հետագայում ևս կառաջնորդվի նույն ռազմավարությամբ՝ բոլորիս մատուցելով համակողմանի և հավասարակշիռ լրատվություն:
Կրկին շնորհավորում եմ բոլոր արմենպրեսականներին և մաղթում նրանց աշխատանքային ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար՝
Գաբրիել Ղազարյան»:
«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:
Վարվառա Հայրապետյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում