Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ձերբակալվել է «Հայփոստ» ընկերության երկու աշխատակից

Ձերբակալվել է «Հայփոստ»  ընկերության երկու աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալ ձեռք բերվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմած կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին:

Ձեռք բերված տվյալների հիման վրա 2018 թվականի դեկտեմբերի 13-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերի նախաքննությունն իրականացնել մեկ վարույթում:

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության 47 և 34- ամյա աշխատակիցները՝  առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:  

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]