Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Համազգային թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել. թատրոնում լարված իրավիճակը չի մեղմանում


ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարում` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Նրանք տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Օր առաջ և’ դերասանները, և’ Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ` փորձելով ընդհանուր  հայտարարի գալ, սակայն հարցը լուծում չի ստացել: «Արմենպրես»-ն առաջացած խնդրի վերաբերյալ լսել է ստեղծագործական կազմին, զրուցել է փոխնախարարի հետ: Վիգեն Չալդրանյանի հետ չի հաջողվել կապ հաստատել:

«Երկու տարի առաջ առանց թատրոնի ներկայացուցիչների կարծիքը հարցնելու, առանց մեզ հետ գոնե խորհրդակցելու ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը մեզ ներկայացրեց թատրոնի ապագա գեղարվեստական ղեկավարին` Վիգեն Չալդրանյանին: Մենք այդ կապակցությամբ մեր բողոքը հայտնեցինք և’ նախարարին, և’  Չալդրանյանին,  ասացինք, որ սխալ ենք համարում այս տեսակ գործընթացը: Լսելով Չալդրանյանի ծրագրային ելույթը` նրան ասացինք, որ չենք ցանկանում, որ նա լինի մեր գեղարվեստական ղեկավարը»,- նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թատրոնի դերասան Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով` Չալդրանյանն իրենց լսելուց հետո ասել  է, որ պետք է գնա ԱՄՆ՝ ավարտելու իր գործերը: «Նա նշեց, որ եթե մենք մեկ ամիս հետո սառը ուղեղով դատենք և զանգենք իրեն ու պնդենք, որ չենք ուզում, որպեսզի ինքը մեր գեղարվեստական ղեկավարը լինի, ապա  չի վերադառնա: Թատրոնի դերասանները այդպես էլ վարվել են: Բայց Չալդրանյանը պատասխանեց, որ իրեն նշանակել է նախարարը, նա էլ պետք է ետ կանչի: Դիմեցինք Ամիրյանին, նա էլ ընդգծեց, որ չի հանի Չալդրանյանին»,- ներկայացրեց Հակոբյանը:

Արմեն  Ամիրյանի հորդորով՝ այդ ժամանակ դերասանները որոշում են աշխատել Չալդրանյանի հետ, բայց համագործակցությունը հաջող չի ստացվում: Չնայած հակասություններին, Չալդրանյանը նաև թատրոնի տնօրենի պարտականություններն է ստանձնում: Հակոբյանի հավաստիացմամբ` դա ՊՈԱԿ-ների  մասին օրենքի  խախտում է. նույն մարդը չի կարող լինել և’ տնօրեն, և’ գեղարվեստական  ղեկավար:

«Թատրոնի ստեղծագործական կազմը եկել է մի որոշման: Չենք ուզում` Վիգեն Չալդրանյանը կառավարի: Նամակով դիմեցինք ՀՀ մշակույթի ներկայիս նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին: Նա մեզ հետ հանդիպելուց հետո ասաց, որ նաև մյուս կողմի հետ պետք է հանդիպի: Հանդիպեց և գնաց արձակուրդ»,- նշեց դերասանը:

Թատրոնի ստեղծագործական կազմը  և Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ:  Չալդրանյանը հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից` ցանկանալով մնալ տնօրենի պաշտոնում:

Նա նոյեմբերի 29-ի առավոտյան թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակել Սուրեն Շահվերդյանին:

«Մենք հայտնում ենք, որ օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքից և երեք օրից` դեկտեմբերի մեկից հայտարարում ենք անժամկետ նախազգուշական գործադուլ, որպեսզի մեր պահանջը լիովին կատարվի. այն է` Վիգեն Չալդրանյանը հեռանա նաև տնօրենի պաշտոնից»,- շեշտեց Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով  պատճառներին` նա ընդգծեց, որ թատրոն գալու առաջին իսկ օրվանից Չալդրանյանը հայտարարել է, որ եկել է նոր թատրոն ստեղծելու, իսկ իրենք դրա կարիքը չունեն. «Մենք ունենք մեր թատրոնն իր գեղագիտությամբ, գեղարվեստական մտածողությամբ, որը կարող է մեկին դուր գալ, մյուսին` ոչ, բայց մենք ունենք մեր տեսակը, որը ստեղծվել է հզոր անհատների տառապանքի գնով: Նրանք են` Սոս Սարգսյանը, Շահում Ղազարյանը,  Մայիս Կարագյոզյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Կարինե Ջանջուղազյանը»:

Թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը, խոսելով իրենց բողոքի պատճառներից, ասաց, որ Չալդրանյանը երկու տարվա մեջ մեկ բեմադրություն է իրականացրել` «Սանտա Կրուսը»: «Նա երկու տարում թատրոնը բաժանեց երկու մասի` Վիգեն Չալդրանյանի թատրոնն իր գեղագիտությամբ և իր մեկ ներկայացմամբ, Սոս Սարգսյանի թատրոնը՝ մյուս ներկայացումներով: Իր ներկայացման զգեստներն առանձին վայրում է պահում, բեմադրական մասի վարիչին արգելում է գործ ունենալ այլ ներկայացումների հետ»,- նշեց  Խաչատրյանը:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը: Նա շեշտեց, որ ինքը չի կարող Վիգեն Չալդրանյանին որպես արվեստագետի դեմ լինել, քանի որ Չալդրանյանն իր ընկերն է՝ շնորհքով, տաղանդավոր կինոռեժիսոր, որը պետք է ֆիլմեր նկարահանի: «Ներկայացումները դիտելուց հետո նրան հարցրել եմ՝ արդյոք աշխատո՞ւմ է դերասանների առոգանության, ինտոնացիայի վրա, պարզվել է` ոչ, քանի որ դա նրան չի հետաքրքրել»,- ասաց Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը նշեց , որ այս հարցում իրենց դիրքորոշումը պետք է առավելագույնս համապատասխանի ՊՈԱԿ-ների մասին օրենքին: «Ցանկանում ենք անել հնարավորը՝ կողմերին հաշտեցնելու համար, որպեսզի հաղթողներ ու պարտվողներ չլինեն: Դա առաջին քայլն է:  Եթե կողմերը համաձայնության չգան, և այս իրավիճակը շարունակվի, գուցե ծառայողական քննություն անցկացվի՝ պարզելու համար` արդյոք Վիգեն Չալդրանյանը, որպես տնօրեն,  արել է այնպիսի քայլեր, որոնք կարող են հիմնավոր պատճառ դառնալ, որ նախարարությունը նրան աշխատանքից ազատի, կամ՝ մինչ այդ քայլը, Չալդրանյանը պետք է որոշի՝ մնո՞ւմ է այդ պաշտոնում, թե՝ հրաժարվում է նաև երկրորդ պաշտոնից»,- շեշտեց նա և հավելեց, որ նախարարությունը կարող է սպասել, ժամանակ տալ, ևս մեկ անգամ փորձել միջնորդել` փորձելով ընդհանուր հայտարարի գալ, և եթե ոչ մի կերպ հարցը չլուծվի,  թատրոնը լուծարվում է՝ որպես պետական թատրոն:

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ