Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Թուրքիան չի պատրաստվում կատարել ընդդիմադիր կուսակցության առաջնորդի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում գործող ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ կապված որոշում է կայացրել, որը Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում կատարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ Դեմիրթաշը պետք է ազատ արձակվի, քանի որ նրան կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն:

Ազատ արձակումից հետո, ըստ որոշման, Թուրքիայի կառավարությունը Դեմիրթաշին որպես բարոյական փոխհատուցում պետք է վճարի 10 հազար, իսկ  որպես դատական ծախսերի փոխհատուցում՝ 15 հազար եվրո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ՄԻԵԴ-ի որոշմանը և հայտնել, որ Թուրքիան չի պատրաստվում կատարել այդ որոշումը:

«Այդ որոշումը մեզ վրա չի ազդի, մենք դրա դեմ պատասխան քայլեր կձեռնարկենք, և այդ գործը կփակվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Սելահաթթին Դեմիրթաշը ձերբակալվել է 2016թ. նոյեմբերի 4-ին: Դեմիրթաշի հետ միասին ձերբակալվել են նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և մոտ մեկ տասնյակ այլ կուսակցականներ:  Նրանք մեղադրվում են ահաբեկչությանն օժանդակելու, ահաբեկչության քարոզ իրականացնելու, հասարակության մեջ ատելություն սերմանելու և Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ