Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Նիկոլ Փաշինյանի հիմնական շեշտադրումները բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում. նա կարևորել է ներառական տնտեսական աճի գաղափարը


ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տնտեսության զարգացմանը և սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված այն միջոցառումները, որոնք իրենց արտացոլումն են գտել պետական բյուջեի նախագծում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ չնայած պետական բյուջեի նախագիծն ունի իներցիոն բնույթ, սակայն այդուամենայնիվ այնտեղ տեղ են գտել մի շարք «շրջադարձային փոփոխություններ»:

Վարչապետի պաշտոնակատարը ելույթում մատնանշել է հետևյալ փոփոխությունները, որոնք հաշվի են առնվել բյուջետային քաղաքականության մշակման ընթացքում.

  • Միկրոբիզնեսի խրախուսում, որը կիրականացվի հարկերից ազատականացման միջոցով: Այն դեռևս գտնվում է հաշվարկների ու քննարկումների փուլում և դրա միջոցով հնարավոր կլինի խրախուսել տնտեսական գործունեությունը: Միկրոբիզնեսի համակարգի ներդրման արդյունքում 70 հազար քաղաքացիների եկամուտներ կավելանան: Ապագայում հնարավոր է եկամտային հարկի արտոնության տրամադրում մինչև 3 աշխատող ունեցող միկրոբիզնեսի աշխատողներին, ովքեր կվճարեն օրինակ՝ հաստատագրված 5.000 դրամ՝ 23 % եկամտային հարկի փոխարեն։
  • Համահարթ եկամտային հարկի սահմանում, ինչը մի կողմից խրախուսում է բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումը, մյուս կողմից՝ այս և այլ փոփոխություններով մոտավորապես 50 մլրդ և ավելի գումար է ներարկվում տնտեսության մեջ։ Հավելյալ գումարի ուղղություններից մեկը կարող է լինել աշխատավարձերի բարձացումը։
  • Մասնավոր (անհատ) տաքսու վարորդներին արտոնագրային վճարից ազատում. Փորձագիտական գնահատականով՝ շահառուները մոտավորապես 50 հազար հոգի են, որոնց եկամուտները կավելանան՝ Երևանում՝ 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կառավարությունը նախատեսում է ոչ միայն աշխատանքը խրախուսող տնտեսական և բյուջետային քաղաքականության իրականացում, այլ նոր բյուջեով նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես՝

  • Նպաստի տրամադրման պայմանների փոփոխություններ. նպաստների տրամադրումը պետք է լինի հասցեական և նպատակային՝ անաշխատունակ մարդկանց, թոշակառուներին, երեխաներին:
  • Պարենային գծից ներքև գտնվողների նպաստների վերանայում. ՀՀ-ում նախատեսվում է բարձրացնել նպաստը 85 հազար նպաստառուների և թոշակառուների համար՝ լուծելու «հացի» խնդիրը:
  • Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ բարձրացվել են բազմաթիվ աշխատողների աշխատավարձերը։ Սրա արդյունքում 14 մլրդ ՀՀ դրամ տարեկան գումար մնացել է ի տնօրինություն քաղաքացիների:
  • Առողջապահության ոլորտ. պոլիկլինիկաներում կբարձրանան շուրջ 14 հազար աշխատողների աշխատավարձերը:
  • Եկամտային հարկի փոփոխություններ, որի արդյունքում ավելանալու է 210 հազար հոգու աշխատավարձ:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարևորել է ներառական տնտեսական աճի գաղափարը և Հայաստանի տնտեսության զարգացման գործում յուրաքանչյուր քաղաքացու կողմից անհատական ջանք գործադրելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարը նաև մատնանշել է այն քայլերն ու թիրախները, որոնք պետք է լինեն կառավարության տնտեսական քաղաքականության ուշադրության կենտրոնում:

  • Առաջնային հարկ վճարողների թվաքանակի ավելացում. այժմ առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի մոտ 350 հազար մարդ, որոնց թիվն առաջիկայում պետք է շեշտակի մեծանա։
  • Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հարաբերակցության փոփոխություն. 2018թ-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է 3%, այնինչ  Վրաստանում՝ 26% է, վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ այս ցուցանիշը պետք է բարելավվի:
  • Խստագույն մոտեցում ՀԴՄ կտրոններ տրամադրելու և պահանջելու նկատմամբ՝ շրջանառությունը վերահսկելու, ինչպես նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման նպատակով։
  • Եկամտային հարկի նվազեցմամբ առաջացած բացը լրացվելու է գույքահարկի դրույքաչափի փոփոխությամբ. փորձագիտական գնահատականով՝ գույքահարկով հարկվող գույքի 1%-ի նկատմամբ արդար դրույքաչափ սահմանվելու դեպքում գույքահարկի ծավալը կարող է կրկնապատկվել:
  • Աշխատանքային պայմանների և իրավունքների բարելավում։
  • Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացում, որը խրախուսվելու է բյուջետային միջոցների հաշվին և մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցով:
  • Ներդրումային միջավայրի բարելավում. պետությունը խթանելու է ճանապարհների և նմանատիպ այլ ենթակառուցվածքների շինարարությանը։

 Գոռ Ծառուկյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ