Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում


ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակության ներկայացուցիչները քննարկումներ են իրականացնում Հայաստանի բնապահպանական գերատեսչության իրենց գործընկերների հետ։ Այցի առաջին աշխատանքայի օրվա ավարտին տեղի է ունեցել նախարարությունների պատվիրակությունների ընդլայնված աշխատանքային հանդիպումը՝ նախարարներ Էրիկ Գրիգորյանի և Ֆելիքս Գաբրիելյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, բնապահպանության նախարարը ողջունել է Արցախի Հանրապետության բնապահպանական գերատեսչության պատվիրակությանը և համոզմունք հայտնել, որ աշխատանքային հանդիպումները երկուստեք արդյունավետ ու օգտակար կլինեն։ Էրիկ Գրիգորյանն առանձնացրել է համագործակցության մի քանի ուղղություններ՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի, անտառկառավարման, բնապահպանական մոնիթորինգի ոլորտների, ընդերքօգտագործման բնապահպանական նորմերի պահպանման վերաբերյալ հարցերի շրջանակը։ Նախարարը նշել է, որ հնարավորություններ կան նաև Զանգեզուրում հատուկ պահպանվող տարածքների երկկողմ պահպանման միջոցառումներ իրականացնելու համար։

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումների կազմակերպման և արդյունավետ քննարկումների համար։ Անդրադառնալով արդեն իսկ քննարկված հարցերի շրջանակին, Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարն առանձնացրել է բնության հուշարձանների հարցը և նշել, որ Արցախը հարուստ է նման կոթողներով և դրանց գույքագրման և անձնագրավորման գործընթացում ունի Հայաստանի փորձին ծանոթանալու և աջակցության կարիք։

Նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ ոլորտում Հայաստանի ունեցած տեխնիկական և մասնագիտական կարողույթյունները հավասարապես ներդրվելու է Արցախի բնապահպանական ոլորտի կայացման աշխատանքներում և գոհունակությամբ նկատել, որ որոշ հարցերում Արցախի մասնագետները լուրջ արդյունքներ են արձանագրել, որոնց ծանոթանալու կարիք կա։ Բնապահպանության նախարարը նաև ընդգծել է, որ Արցախի հանրապետությունը ներկայում գտնվում է շահեկան վիճակում, քանի որ ոլորտի քաղաքականությունը մշակելիս, ծանոթանալով Հայաստանի փորձին, զերծ կմնա այն բացթողումներից, որոնք ժամանակին ունեցել է Հայաստանը։

Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանն ամփոփել է աշխատանքային առաջին օրվա հանդիպումների արդյունքները և առաջարկել երկու գերատեսչությունների հետագա փոխգործակցությունն ակտիվացնել ոչ միայն պաշտոնական այցերի և նամակագրության միջոցով, այլ նաև պարբեարական հեռուստակամուրջների կազմակերպման միջոցով։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող նաև այլ հարցեր, մասնավորապես էկոտուրիզմի խթանման, թափոնների կառավարման, կլիմայականան համաշխարհային գործընթացներին Արցախի ներգրավման, ՓՀԷԿ-երի շահագործման վերաբերյալ։

Հայկական երկու հանրապետությունների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարներն անցկացրել են նաև երկկողմ հանդիպումներ։ Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև նոյեմբերի 14-ին։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ