Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառած նյութական վնասը

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունը  մասնակի 
փոխհատուցել է պետությանը պատճառած նյութական վնասը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ինչպես  ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ։

Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։

Առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ի թիվս այլ ընկերությունների՝ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» ՍՊ ընկերությունում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  28.09.2018 թվականի դրությամբ, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, «Տրանս Սիստեմ» ընկերությունը ՀՀ Քննչական  կոմիտեի  դեպոզիտարիատի  հաշվեհամարին փոխանցել է 33.000.000 ՀՀ դրամ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 05.09.2018 թ. դրությամբ՝ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության կողմից, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 10.000.000.00 ՀՀ դրամ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերության կողմից` 22.005.000.00 ՀՀ դրամ, «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից` 40.000.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ պատճառված վնասի իրական ծավալները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ