Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճարտարապետության նոր լեզվամտածողություն ստեղծողը. բացվեց Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը  

Ճարտարապետության նոր լեզվամտածողություն ստեղծողը. բացվեց Ռաֆայել 
Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:

Ռաֆայել Իսրայելյանի թոռան՝ ճարտարապետ Արամ Ղանալանյանի խոսքով՝ ցուցահանդեսը եզակի է նրանով,որ հիմնական նմուշները չեն ցուցադրվել անկախության տարիներից ի վեր. «Ներկայացված են ինչպես կառուցված աշխատանքներ, նաև տարբերակներ,որոնք չեն իրականացվել,այնպես էլ մրցութային նախագծեր, որոնց մասնակցել է Իսրայելյանը: Դրանք  շատ հետաքրքիր են և ուսանելի: Ցուցադրված են  նաև Իսրայելյանի քաղաքաշինական տեսլականից որոշակի նախագծեր: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես էր Իսրայելյանը տեսնում Երևան քաղաքը, քաղաքի կառուցապատումը, երբ Երևանը  ամբողջապես կառուցապատված չէր, ինչպես հիմա է: Ցուցադրված են հասարակական, բնակելի, արդյունաբերական շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արևշատյանը ողջույնի խոսքը սկսեց թանգարանի անձնակազմին ուղղված շնորհավորանքով և ապա  խոսեց Իսրայելյանի կատարած աշխատանքների յուրահատկության մասին. «Ռաֆայել Իսրայելյանը կարողացել է ստեղծել և հայտնաբերել մի նոր լեզու, մի նոր լեզվամտածողություն, որը, իրապես միահյուսված է այն գաղափարաբանական ձևաչափի հետ, որը ծանոթ է որպես սոցռեալիզմ՝ազգային ձևով,սոցիալիստական բովանդակությամբ»:

Արևշատյանը հավելեց, որ այդ լեզվամտածողությունը որոշ ժամանակ անց ստացավ ավելի հղկված արտիկուլացում, հոդավորում արդեն 60-ականների շրջանում, որը ազդեցություն է գործում ոչ միայն ճարտարապետական միջավայրի վրա, այլև  կարողանում է փոխել մշակութային հարացույցը: «Բազմաթիվ ճարտարապետներ կային, որոնք 1968 թվականին Սարդարապատի հուշահամալիրի բացումից հետո պարզապես վերանայեցին նախկինում իրենց կողմից նախագծված շենքերը, կառույցները: Եվ Իսրայելյանի  ազդեցությունը ոչ միայն հայկական ճարտարապետության վրա եղավ»,- ընդգծեց Ռուբեն Արևշատյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով՝  ցուցահանդեսը նրանով է յուրահատուկ, որ ներկայացված են ստեղծագործություններն ու նրանց  տարբերակները, մի շարք  չիրականացված նախագծեր: «Հայկական ժամանակակից ՝ հատկապես 20-րդ  դարի ճարտարապետության շատ խոշոր դեմքերի մեջ հատուկ տեղ են գրավում երկու անձնավորություն՝ Ալ.Թամանյանը ,որը ստեղծեց ժամանակակից ճարտարապետության լեզուն և Ռաֆայել Իսրայելյանը , որն, իր տեսակի մեջ եզակի լինելով՝ ստեղծեց ազգային ճարտարապետության կերպարը՝ ժողովրդին շատ մոտ և ազգային»:

Ամեն կառույց ուներ իր փիլիսոփայությունը ,ազգային մտածելակերպին համահունչ էր և ուներ հատուկ ճարտարապետական ձևեր,որն էլ հետագայում ունեցավ բազմաթիվ հետնորդներ: Նրա ստեղծագործությունները բազմաժանր էին  և բազմաշերտ:

Իսրայելյանը կարևորում էր ճարտարապետական ձևերի  մտերմությունը և բնությունից բխումը, որը միջնադարյան ճարտարապետության կարևոր սկզբունքներից էր, և Իսրայելյանը  փայլուն կերպով և նորովի դա արտահայտեց:

 Մենք տեսնում ենք նկարված գինու կարասները,խաղողը,նուռը,ինչպես են բնության տարրերը միահյուսվում կառույցի մեջ :Նա ոչ թե կրկնում էր միջնադարյան ձևը,այլ վերաիմաստավորում էր այն»,-ասաց Տեր-Մինասյանը:

Ներկայացված ստեղծագործությունների շարքում էին՝«Վերածնունդ»  հուշահամալիրը՝ նվիրված Բաշ-Ապարանի հերոսամարտին, Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մրցութային նախագիծը, «Զանգաշտարակ»-ը, «Թևավոր ցուլեր»-ը և այլ աշխատանքներ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]