Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

«Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել  


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը առաջնային խնդիրներից մեկն է համարում քաղաքի աղբահանության հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը նշեց, որ Երևանի գրեթե բոլոր բակերում գարշահոտություն է տարածվել, և այդ հարցին պետք շուտափույթ լուծում տրվի:

«Մտնում ես բակ, գարշահոտություն է տարածված  բակում, և դա՝ ամենուրեք, այդ աստիճան սուր է այսօր աղբահանության հարցը Երևանում։ Եվ դա անմիջականորեն հարվածում է զբոսաշրջությանը, ինչը նաև մեր եկամուտի աղբյուրներից է»,- ասաց նա:

Ըստ քաղաքապետի թեկնածուի` աղբահանության հարցը բազմաշերտ խնդիր է, և  դա միայն օպերատորի վրա թողնելը սխալ համարում:

«Դա պայմանավորված է նաև աղբավայրի, աղբավայր տանող ավտոճանապարհի որակով։ Թափոնները երկրորդային հումք են, իսկ մեզ մոտ դրանք քիչ են օգտագործվում՝ որպես երկրորդային հումք։ Երկրներ կան, որտեղ ուղղակի 5 աղբաման է դրված, մարդիկ տեսակավորում են աղբը, դա դառնում է եկամտի աղբյուր, նպաստում շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- նշեց Զեյնալյանը:

Նրա խոսքով` աղբը նաև կարող է հանդիսանալ էներգիայի աղբյուր է, և  կարելի է  նաև որպես էներգիա օգտագործել. «Սա համակարգային առումով լուծելու ենք։ Ունենք գաղափար՝ օգտագործել նաև ջերմային թափոնները»,- հավելեց  Զեյնալյանը:

Խոսելով ընտրական քարոզարշավի ընթացքից՝ Զեյնալյանը նշեց, որ իրենք իրականացնում են պոզիտիվ քարոզարշավ, և իրենց դաշինքի համար շատ կարևոր է հենց այդ մթնոլորտում քաղաքապետ դառնալը:

«Դա կառավարման բովանդակության հետ անմիջականորեն կապված ձև է։ Մեզ համար գերխնդիր չէ ուղղակի զբաղեցնել այդ պաշտոնները»,-  ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն:

Զեյնալյանը, ով նաև զբաղեցնում է Արդարադատության նախարարի պաշտոնը, գտնում է, որ իրենք պետք է ձևավորեն մի համայնք, որտեղ մերժվածներ չկան և խտրականություն չկա:

«Խտրականության դրսևորման ձևերից է նաև թիրախավորումը, հալածանքը, ինչն ուզում ենք բացառել, այլապես կլինի սովորական կառավարում, և մեզ անհրաժեշտ կլինի 20-30 տարի, որ կարողանանք այդ բացը լրացնել»,- եզրափակեց Զեյնալյանը:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ