Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է. Արծվիկ Մինասյան


ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է:

Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սա նշանակում է, որ արտահանմանը միտված քաղաքականության տեսանկյունից արդյունաբերությունում ունենք ցուցանիշ, որը ցույց է տալիս արտահանման քաղաքականության միտվածությունը մեր կողմից իրականացվող ծրագրերի մասով: Հատկանշական է, որ այս տոկոսը շատ ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության մասով մենք անկում չունենայինք, իսկ դրա անկումը նախորդ ժամանակաշրջանի համեմատ կազմում է շուրջ 11.8 տոկոս: Եթե սա վերածենք թվային տվյալների, ապա կկազմի մոտ 20 միլիարդ դրամ: Ընդ որում, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման դիրքում, ինչպես նաև մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 95-98 տոկոսն արտահանվում է: Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ցանկացած նվազեցում ազդում է միանգամից արտահանման ծավալների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

Նա մանրամասնեց, որ Հայաստանից արտահանվում է խմիչքների արտադրության շուրջ 60 տոկոսը, ծխախոտի արտադրության՝ 72 տոկոսը, հագուստի արտադրության 75 տոկոսը, դեղագործական արտադրանքի շուրջ 56 տոկոսը: «Սրանք կիսամյակային տվյալներն են, իսկ տարվա կտրվածքով այս թվերը որոշակի ճշգրտման կենթարկվեն: Սրանք այն հիմնական մեծ խմբերն են, որոնք արտահանման միտվածությամբ ապահովում են Հայաստանի արտահանման ծավալների աճը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարն ասաց, թե արտահանման կառուցվածքում մեկ այլ վերլուծություն ցույց է տալիս, որ Հայաստանն, ըստ էության, բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման մասով փոքր ցուցանիշ ունի: «Այն շուրջ 2.2 տասնորդական տոկոսի շրջակայքում է այն դեպքում, երբ ռեսուրսերի վրա հիմնված ապրանքների՝ պղնձի խտանյութի, ծխախոտի, կոնյակի, ադամանդի քարի արտադրանքի շուրջ 54 տոկոսն արտահանվում է»,- մանրամասնեց նախարարը:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ըստ տեխնոլոգիականության հիմնական ապրանքների մասով ունենք 12.8 տոկոս արտահանման կշռի մեջ: Ցածր տեխնոլոգիատար ապրանքները 11.5 տոկոս են, միջին տեխնոլոգիատար ապրանքները՝ 8.8 տոկոս: «Հիմնական ապրանքների խմբում ներառված են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են թարմ մրգերը, բանջարեղենը, ձուկը, միսը, ծաղիկները: Ցածր տեխնոլոգիական ապրանքների խմբին են դասվում այնպիսի ապրանքները, ինչպիսիք են մանածագործական արտադրանքը, կոշկեղենը, ոսկերչական իրերը: Միջին տեխնոլոգիական ապրանքների խմբի մեջ մտնում են ժամացույցները, էլեկտրատեխնիկական կենցաղային սարքերը, շարժիչները, արդյունաբերական այլ սարքավորումներ: Մեր վարած քաղաքականության մեջ հիմնական թիրախներից մեկն է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը: Այս խմբին են դասվում դեղամիջոցները, պատվաստանյութերը, կիսահաղորդիչները, օպտիկական գործիքները, հեռահաղորդակցության սարքավորումները»,- եզրափակեց նախարարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ