Կրթության և գիտության նախարարությունը դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է մշակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է մշակել, ինչի արդյունքում՝ թերբեռնված դպրոցները կունենան ֆինանսական բարելավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով դպրոցների տնօրենների կողմից բյուջետային միջոցների խնայողությունների տնօրինման հարցին՝ նախարարը նշեց, որ իրենք ինքնուրույն կարող են տնօրինել դրանք՝ եղած կարգավորումների սահմաններում:
«Դպրոցի տնօրենները կարող են ինքնուրույն որոշել իրենց հաստիքացուցակները, սակայն, դրանք պետք է այնպես կազմեն, որպեսզի տարվա վերջում խնդիրներ չլինեն»,- նկատեց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ 2017 թվականին, երբ ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ մշտապես բախվել է մի խնդրի. դպրոցների տնօրեններն ասել են, որ գումար ունեն, սակայն քաղաքապետարանը չի թողնում դրանք ծախսել։